Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն չի  կարծում, որ հասարակությունը ցնցումների մեջ է ընկնում ընտրակեղծիքներից (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3

Քաղաքական կուսակցություններին ձեռնտու է ուժեղ նախագահի ինստիտուտը,-սա Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի խոստովանությունն է. «Շահեկան պայմաններում այսօր Հանրապետականն է»: Նախագահի ինստիտուտից Հանրապետականը հրաժարվում է, որպեսզի քաղաքական մյուս ուժերն էլ դառնան խաղացող. «Եթե մնար նույնը, էդ պտուղերը այս Սահմանադրության փոփոխությամբ չի... Մի ուրիշ Հանրապետական կլիներ»: Գալուստ Սահակյանը հիշում է, որ ընտրակեղծիքներն ի հայտ եկան, երբ Հայաստանը խորհրդարանական հանրապետությունից դարձավ նախագահական. «Հենց նախագահական եղավ, միակենտրոն եղավ, սկսվեց այդ շարժը գնալ, այսինքն, նրանց, ում որ այսօր մեղադրում եք իբրեւ թե մոնոպոլիստներ են, առաջացումը հիմքերը էնտեղ որոնեք»: Երկու օր առաջ Սփյուռքի նախարարն ասում էր, որ նախագահի ինստիտուտը թուլացնում են, որովհետեւ նախագահի ընտրությունները խնդիրներ էին առաջացնում։ Ըստ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ «Բոլոր նախագահական ընտրություններից հետո մեր երկրում մեծ առճակատում է։ Չեմ ասում, որ ամեն անգամ արյուն է թափվել, բայց շատ ծանր է եղել հասարակության վերականգնումը բնական կյանքին»: Եվ տիկին Հակոբյանը, եւ Գալուստ Սահակյանը չեն կարծում, որ հասարակությունը ցնցումների մեջ է ընկնում ընտրակեղծիքների, ոչ թե հենց ընտրությունների պատճառով: Ընտրություններում պարտված համարվող կողմի համար նա ուրիշ գնահատականներ էլ ունի. «Ցավոք սրտի, այնքան քաղաքակիրթ չենք դարձել, որ հաղթողին պարտվողը շնորհավորի»: Կեղծիքներով հաղթելու մասին հարցի պատասխանը ոչ ոք չունի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այդպես էլ չի պատասխանում այն հարցին, թե գուցե նախագահի ինստիտուտը թուլացնում են, որպեսզի կարիք չլինի կեղծիքներով գրգռել ժողովրդին. «Բազմաթիվ կեղծիքների, բազմաթիվ արատավոր երեւույթների կողքին պետք է փաստել, որ այս գործընթացը սպասված է»: Պարոն Էնֆիաջյանն ավետում է, որ, համենայնդեպս, մենք այլեւս չենք ունենա միաբեւեռ կառավարման բուրգ: Սակայն ընդդիմությունը նաեւ այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրություն է փոխում, որպեսզի չհայտնվի Ռոբերտ Քոչարյանի վիճակում, որն իշխանությունից հեռացավ ու մինչեւ այսօր չի կարողանում վերադառնալ. «Քաղաքական առումով ես կարծում եմ, որեւիցե խոչընդոտ չի լինում նախկին նախագահների համար՝ ընտրվել կամ վերընտրվել»: Կարեւորը բալանսն է՝ թեման փակում է ԲՀԿ ներկայացուցիչը: