Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք գնում ենք իշխանությունը գցելու». Քաղպայմանագիրը չի միանա «Ոչ»-ի ճակատին (տեսանյութ)

Քաղաքականություն
alen

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի միանա «Ոչ»-ի ճակատին, քանի որ Սահմանադրական փոփոխությունների պայքարի դեմ օրակարգը, ըստ նրանց, կեղծ է. «Բոլորն ասում են, որ հիմնական նպատակը սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է: Բայց հարց է ծագում՝ նա չի՞ վերարտադրվի, եթե Սահմանադրությունը չփոխվի՝ իհարկե կվերարտադրվի: Այնպես որ, պետք է դրա փոխարեն պատրաստվել ընտրություններին»,- ասում է կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն ու հավելում ՝ անկախ նրանից, թե Հայաստանը ինչ տեսակի կառավարման համակարգ կունենա, եթե այն չունենա ինստիտուցիոնալ ընդդիմություն, իշխանությունը միշտ հաղթելու է բոլոր տեսակի ընտրություններում: Ալեն Սիմոնյանը որոշել է՝ որպես ՀՀ քաղաքացի գնալու է սահմանադրության հանրաքվեին եւ ոչ է քվեարկելու. «Բայց ես անձամբ ոչ մեկին կոչ չեմ անելու դեմ քվեարկել, մենք անգամ կուսակցությունում չենք քննարկել այս հարցը, քանի որ գնալ, ժամանակ վատնել, մարդկանց զբաղեցնել այս հարցով սխալ է»: Անկախ նրանից՝ Սահմանադրությունը կփոխվի, թե չի փոխվի, Հայաստանի քաղաքական դաշտում ոչինչ չի փոխվելու՝ համոզված է Ալեն Սիմոնյանը. «Մենք պետք է պայքարենք գործող իշխանության դեմ, ոչ թե Սահմանադրության, Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնի կամ մեկ այլ բանի դեմ, մենք գնում ենք իշխանությունը գցելու»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը կարծում է, որ «ոչ» ասելը շատ հեշտ է. «Մենք էլ կարող ենք ոչ ասել ու նստել»,- ասում է Ալեն Սիմոնյանը. «Եթե կլինի կոնկրետ գործողությունների քարտեզ, մենք կգնանք, կքննարկենք նրանց հետ»: «Ա1+»-ի դիտարկմանը, թե ինչո՞ւ դուք չեք ստեղծում այդ քարտեզը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք ունենք, պայքարում ենք, ինստիտուցիոնալ ընդդիմություն ենք ստեղծում։ Սա Սերժ Սարգսյանի բերած օրակարգն է, մենք չենք ուզում մտնել դրա մեջ»։