Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՀ-ը տնտեսագետին դոկտորի վկայական չի տալիս

Կարևոր լուրեր Հասարակություն
ashot-eghiazaryan

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանին Բարձրագույն որակավորման հանձնաժողովը տնտեսագիտության դոկտորի վկայականը չի տալիս: Նրա ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունեցել նախորդ տարվա վերջին՝ Սլավոնական համալսարանում: «Ավելի ուշ ԲՈՀ-ի աշխատակցից ստացա գրություն, որ պետք է կրկնակի քննարկում կատարվի: Ես բողոքարկեցի Կրթության և գիտության նախարարություն՝ որոշումն անվավեր ճանաչելու նպատակով: Իրական փորձաքննություն չի եղել: ԲՈՀ-ի նախագահը երեք անգամ դիմել է համալսարանին՝ կրկնակի պաշտպանություն կազմակերպելու հարցով: Երկու օր առաջ համալսարանի խորհուրդը հաստատել է նախկին որոշումը՝ տնտեսագիտության դոկտորի աստիճան շնորհելու վերաբերյալ»: Տնտեսագետի խոսքով՝ վկայական պետք է տրամադրվի անցյալ տարվա ժամկետով, քանի որ դա է պահանջում օրենքը: Այս գործով նա դիմել է վարչական դատարան: «Կասկածներ ունեմ, որ դատարանները ԲՈՀ-ին առնչվող գործերը փորձում են չընդունել կամ պատշաճ ընթացք չտալ: Միայն ՄԻՊ-ն է հաստատել, որ խախտվել են իմ իրավունքները: Իսկ ԲՈՀ-ի նախագահը փորձում է այլ միջոցների դիմել: Ասում է՝ կարող է ատենախոսության սղագրությունը բացահայտել: Դե, բացահայտի՛ր, դա հրապարակային է եղել, ես խնդիր չեմ տեսնում»,-ասաց պարոն Եղիազարյանը: Նա մտադիր չէ հայցը դատարանից հետ վերցնել, եթե անգամ վկայականը տրամադրվի. «ԿԳՆ-ն չի ուզում մտնել այս գործի մեջ և ամբողջ պատասխանատվությունը թողնում է ԲՈՀ-ի վրա: Այդ կառույցն էլ իր պատասխան գրության մեջ իրավական ձևակերպումների առումով համատարած սխալներ է արել»: Տնտեսագետը վստահ է՝ կրթական համակարգի կոնկրետ այս հատվածում մենաշնորհ կա: «Դա արատավոր երևույթներ է ստեղծում կրթության ոլորտում: Ամեն ինչ դառնում է կեղծ, ֆորմալ: ԲՈՀ-ը կոռուպցիոն առումով նաև հարթակ է դառնում»: Պարոն Եղիազարյանը լսել է տարբեր թվեր, որոնցով կարելի է մեր երկրում դոկտորի աստիճան ստանալ. «Լսել եմ մոտ հինգից տասը հազար դոլարի մասին»: Բացի կոռուպցիոն խնդիրը, իր հարցում նման վարվելակերպի պատճառը տնտեսագետը տեսնում է նաև բուն ատենախոսության թեմայի մեջ, որտեղ մեծ քննադատության է ենթարկել Եվրասիական տնտեսական միությունը, որին մեկ տարի առաջ անդամակցեց մեր երկիրը. «Շատ են շահարկել թեմաս այն առումով, որ պետության քաղաքական կուրսին դեմ է, որ ԵՏՄ-ին դեմ եմ խոսել»,- ընդգծեց պարոն Եղիազարյանը: