Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքուն և Անկարան ստուգում են Երևանին և Մոսկվային. Ալեքսանդր Մանասյան

Քաղաքականություն
manasyan

Կրեմլում նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրընկալեց Սերժ Սարգսյանին։ Ընթացիկ տարում սա նրանց երրորդ հանդիպումն է։ Հանդիպումը հաջորդեց Բաքվում Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի ԱԳ նախարարի բանակցություններին, որոնք կայացան սահմանագծին իրավիճակի թեժացման ֆոնին, սակայն, ինչպես սպասվում էր, սանձող բնույթ չունեցան։ «Ինչի՞ մասին է խոսում այդ սրացումը։ Ռուսաստանը կցանկանա Ադրբեջանին ունենալ որպես հարևան, դա հասկանալի բան է, բայց այդ բոլորը չպետք է ուղղվի հենց ռուսական շահերին Անդրկովկասում։ Ռուսաստանն Անդրկովկասում ունի շահեր, և եթե Ադրբեջանը տանում է այնպիսի քաղաքականություն, որն իր շահերին է հակասում, Ռուսաստանը պետք է իմաց տա դրա մասին»,-ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։ Իրավիճակին ավելի սուր գունավորում տվեց հայկական «Շանթ 2015» զորավարժության անցկացումը, թեև այն ավելի շատ ոչ ռազմական բնույթ էր կրում։ Դրանց ավարտից հետո Ադրբեջանը հայտարարեց լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման և 65 հազար հոգու մոբիլիզացիայի մասին։ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ լարելով մթնոլորտը՝ Անկարան և Բաքուն ստուգում են ոչ միայն Հայաստանի դիմացկունությունն, այլև Կրեմլի հնարավոր արձագանքը. «Թե՛ Բաքուն, թե՛ Անկարան ցանկանում են ստուգել մեզ և Ռուսաստանի վարքը՝ ինչքա՞ն արժանի հակահարված կստանան։ Ռուսաստանն ունի այստեղ ռազմավարական շահեր։ Հայաստանին մենակ չի թողնի. Վրաստանն ու Ադրբեջանն իրենը չեն։ Մեզ ստուգում են, և ինչքան տեսնեն, որ թույլ ենք, այնքան ագրեսիվ կլինեն»,-ասում է քաղաքագետը։ Մյուս կողմից Հայաստանը լուրջ բացթողումներ ունի տեղեկատվական և քարոզչական պայքարում։ Մինչդեռ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում սեփական քարոզչության տարածման և համաշխարհային հանրության առջև Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու համար։ «Քարոզչությունը գիտություն է, և այն պահանջում է հետևողականություն։ Մենք թերանում ենք։ Մենք քարոզչական տեխնոլոգիաների գծով բարձրակարգ մասնագետների կարիք ունենք, մեր քարոզչությունը ճիշտ չենք տանում՝ առաջատար կայքերից սկսած։ Արդեն երբ լռել ենք, այդ խնդիրը ճիշտ չենք ներկայացրել, Ադրբեջանին խաղաքարտեր ենք տվել մեր դեմ արդարացի պատերազմ վարելու...դա շատ վատ բան է»,-ասում է պարոն Մանասյանը։ Կրեմլում կայացած հանդիպումից առաջ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի ղեկավարության քաղաքականության մեջ իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն է տեսնում։ Գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրությամբ նախազգուշացում էր արել, որ Ադրբեջանի կողմից որդեգրած այդօրինակ գործելաոճը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետևանքների: