Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատահարների պատասխանատուներին հնարավոր չէ գտնել (տեսանյութ)

Հասարակություն
Դիանա-նկար-Լևոն

Այսօր տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին ԱՊՀ անդամ գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները: «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վագոնների մաշվածության, ինչ-որ մասեր հնացած լինելու պատճառով լինում են դեպքեր, երբ մի հանրապետությունից մյուսը բեռ տեղափոխելու ժամանակ տեղի են ունենում պատահարներ, որի համար չեն կարողանում պատասխանատուների գտնել: «Մենք հիմա քննարկում են անկախ փորձագետների խումբ ստեղծելու հարցը, որպեսզի նմանատիպ իրավիճակներում նրանց միջոցով կարողանանք հարցը կարգավորել»,-ասաց նա: Անդրադառնալով կոնկրետ Հայաստանի երկաթուղու անվտանգությանը` Լևոն Հակոբյանը նշեց. «Մեր երկաթուղու անվտանգությունն այսօր բարձր մակարդակի վրա է գտնվում. չենք կարող այն համեմատել 2008թ-ին ունեցած իրավիճակի հետ: Այդ ժամանակ կարելի է ասել, որ անվտանգություն գրեթե չկար, բայց այսօր պատկերը բոլորովին այլ է : «Հարավ-կովկասյան երկաթուղին» այսօր իր առաջընթացը պետք է ցույց տա»: Նա այս համատեքստում հիշեցրեց, որ 2008թ-ին վագոնների գծային անկումների 450-ից ավել դեպք է գրանցվել, իսկ այս տարի արդեն նման դեպքեր ընդհանրապես չկան: Պարոն Հակոբյանը հավելեց նաև, որ այսուհանդերձ, ոլորտում առկա են որոշակի խնդիրներ, որոնց պետք է լուծում տրվի: Նրա հավաստմամբ` դրանք հիմնականում ֆինանսական խնդիրներ են ու մասնագետների սակավության: «Մենք ունենք հատուկ այդպիսի կենտրոն, որտեղ մասնագետներ ենք պատրաստում, այսինքն` երկաթուղու զարգացմանը համընթաց՝ մենք պետք է նաև մասնագետներ պատրաստենք և այս խնդրին մենք այս տարի ավելի շատ ենք ուշադրություն դարձնում: Առանց երկաթուղու Հայաստանի տնտեսություն ընդհանրապես գոյություն ունենալ չի կարող, քանզի դա ամենաառաջնային տրանսպորտային տեսակն է: Մենք պատրաստ ենք այսօր ցանկացած բեռ տեղափոխել, բայց ունենք նաև բեռի պակասության խնդիր: Մեզ այլ երկրներից ասում են, որ Հայաստանում ինքնարժեքը շատ բարձր է, բայց եթե բեռի քանակն ավելանա, մենք ինքնարժեքը շատ-շատ կիջեցնենք ու ստիպված չենք լինի այդպիսի խնդիրների առջև կանգնել»,-շեշտում է Լևոն Հակոբյանը: