Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կան ԶԼՄ-ներ, որոնցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն» (տեսանյութ)

Հասարակություն
dedd2429369025bc0bb4b2da862b3617

Հայաստանում տեղեկատվական ոլորտի զարգացմանը զուգահեռ աճում են խնդիրները զանգվածային լրատվության ասպարեզում, մասնավորապես շատացել են ապատեղեկատվության տարածման դեպքերը: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն առաջարկում է ստեղծել համակարգ, որին միացած լրատվամիջոցները կպարտավորվեն հետևել էթիկական որոշակի կանոնների: «Բայց պարզ է, որ շատերը չեն ցանկանա այդ նորմերին միանալ, և անհրաժեշտ է համակարգ, որը սպառողներին կներկայացնի, թե որ լրատվամիջոցն է միացել, որը՝ չի միացել: Այն ենթադրությամբ, որ ով միացել է՝ իրեն կարելի է վստահել, ով որ չի միացել, իրեն վստահել պետք չի»: Զանգվածային լրատվամիջոցները պետք է հետևեն որոշակի կանոնների հատկապես, երբ առկա է լարվածություն ու արտակարգ իրավիճակ. Համոզված է տեղեկատվական ոլորտի փորձագետ Տիգրան Քոչարյանը. «Այն ԶԼՄ-ն, որի տեղադրած տեղեկատվությունը բերել է կամ հնարավոր է բերի նրան, որպեսզի արյուն թափվի, զինվոր սպանվի, կամ սահմանամերձ գյուղի բնակիչ զոհվի, տվյալ ԶԼՄ-ներով պետք է զբաղվի մեկ ծառայություն՝ դա Ազգային անվտանգության ծառայությունն է»: Նույնիսկ պրոֆեսիոնալ լրատվամիջոցները կարող են սայթաքումներ թույլ տալ, սակայն նրանց նկատմամբ խիստ միջոցների կիրառումը կարող է վնասել մեդիադաշտը՝ ասում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ ծրագրերի ղեկավար Սեդա Մուրադյանը. «Համաձայն չեմ շատ խիստ միջամտությունների ու կարգավորումների հետ, որովհետև մենք վերջիվերջո դժվար երկրում ենք ապրում, որտեղ խիստ միջամտությունները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ»: Խնդիրներ առկա են նաև սոցիալական ցանցերում, երբ անանուն օգտատերը վիրավորական մեկնաբանություն է կատարում: «Մեկը Մոսկվայից գնացել էր Նիժնի Տագիլ և odnoklassniki-ով վիրավորելու համար ուղղակի սպանել էր այդ մարդուն: Եթե մարդը գիտի, որ Մոսկվայից մեկը կարող է հասնել Նիժնի Տագիլ կամ Երևանից Աշոցքի շրջան՝ ինչ-որ մեկի հարցերը լուծի, ինքը շատ ավելի զգույշ կմնա, այսինքն՝ այդ թեզն ավելի գործնական է քան բոլոր տիպի կարգավորումները կամ օրենսդրական առաջարկությունները»,- օրինակ է բերում Տիգրան Քոչարյանը: Նրա համոզմամբ՝ պետք է հետևել ոչ թե որևէ երկրի փորձի, այլ սահմանել ընդհանուր կանոններ՝ հաշվի առնելով հայաստանյան առանձնահատկությունները: