Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդների համար՝ կյանքը սիրելու ևս մի առիթ

mank

Հայկական պետական Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում տեղի ունեցավ«ՙՄիջազգային Ամառային դպրոց- 2015» -ի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Ամառային դպրոցները և ոչ ֆորմալ կրթության այլ ձևերը ոչ միայն կրթական, այլև անձի ինքնահաստատման, զարգացման ու բացահայտման նպատակ ունեն. դրանց շնորհիվ մասնակցները ձեռք են բերում նոր ծանոթություններ, շփվում օտարազգի իրենց հասակակիցների հետ և ձևավորում հասարակություն մտնելու նոր կարողություններ, մարդկային հարաբերությունների նոր հարթակ»,- Աղավնաձորի ուսումնական բազայում կայացած «Ամառային դպրոց- 2015» միջազգային ծրագրի պաշտոնական փակման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու մասնակիցներին հանձնեց մասնակցության դիպլոմներ: Բազմաթիվ ամառային դպրոցների մասնակցած նախարարը վստահեցրեց` ծրագիրը, որպես մանկավարժական մեթոդ, ներազդեցության, ներգործության ամենաարդյունավետ ձևերից է։ Արմեն Աշոտյանը նկատեց նաև, որ Մանկավարժական համալսարանը վերջին տարիներին ամենաինտենսիվ բարեփոխվող և պրպտող բուհն է և հորդորեց շարունակելով համագործակցությունը միջազգային հաստատությունների հետ` իրականացնել այլ նոր ծրագրեր ևս: Միջոցառման ժամանակ օտարազգի ուսանողները՝ ֆինները, ռուսները, բելառուսներն ու լիտվացիները երգեցին հայերեն, ներկայացրին ՙԱխթամար՚ բեմադրությունը, ցուցադրեցին իրենց ձեռքով նկարած Արարատը, խոսեցին 1915 թվականի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից. «Մենք հնարավորություն ունեցանք սիրահարվել Հայաստանին և մարդկանց, որոնք առանձնանում են իրենց ջերմությամբ և հյուրընկալությամբ: Երիտասարդներիս համար սա կյանքը սիրելու ևս մի առիթ էր. այն դեռ երկար կմնա մեր հուշերում»,- Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանողների անունից նշեց ուսանողուհի Նատաշա Պաևսկայան` խոստանալով, որ իր հետ տանելու և ամենուր տարածելու է «Հայաստանը աշխարհի լավագույն անկյուններից է» իրենց բոլորի համոզմունքը: «Միջազգային Ամառային դպրոց- 2015»-ը մեկնարկել է օգոստոսի 15-ին: 10 -օրյա ծրագրին մասնակցում է 85 ուսանող՝ Ֆինլանդիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: Արդեն երրորդ տարին է Մանկավարժական համալսարանն իրականացնում է կրթական և ճանաչողական կարևոր նշանակություն և բովանդակություն ունեցող «Ամառային դպրոց» ծրագիրը, որի նպատակն է նպաստել միջմշակութային երկխոսությանն այլ երկրների ճանաչում ունեցող բուհերի և մանկավարժական համալսարանի հետագա համագործակցությանը, հնարավորություն ընձեռելով ուսանողներին զարգացնելու օտար լեզուների հմտություններն ու օտարազգի ուսանողների հետ ընդլայնել շփման եզրերը: Այս տարի փոխանակային ծրագրին մասնակցում են ուսանողներ ՀՊՄՀ-ից, ԼՂՀ-ի Արցախի պետական համալսարանից, ՌԴ-ի Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական, Սանկտ-Պետերբուրգի Պետական տնտեսագիտական, Լիտվայի Կրթական գիտությունների, Ֆինլանդիայի Օուլույի և Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանների ուսանողները: Ամառային դպրոցի ընթացքում իրականացվում են ինչպես ճանաչողական այցեր ողջ հանրապետության տարածքում, այնպես էլ կրթական, ուսուցողական դասախոսություններ՝ հանրապետության լավագույն մասնագետների մասնակցությամբ: Ի դեպ, Միջազգային ամառային դպրոց 2015-ի շրջանակում Մանկավարժական համալսարանի 65 ուսանող ճանաչողական եւ կրթական ծրագրով եղավ Ֆինլանդիայում, Լիտվայում, Բելառուսում, ՌԴ-ում՝ Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում: Հաջորդ տարի համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվելու է: Ներգրավվելու են միջազգային համբավ ունեցող այլ բուհեր: Լուսանկարը՝ ԿԳ նախարարի ֆեյսբուքյան էջից