Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաղտնի ժողովներն ու համագումարները պետք է բացառել. քաղաքագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
8733d7da1f1987b0b82379d4b63820e8

«Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունն ավելի կարեւոր է, քան սահմանադրական բարեփոխումները»,-համոզված է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Կուսակցությունները այսօր ավտորիտար համակարգներ են, մեկ կամ մի խումբ մարդիկ որոշումներ են կայացնում, մնացածը ուղղակի ենթարկվում են, ընտրությունների ժամանակ ցուցակներ են կազմում ըստ իրենց հայեցողության»,- ասում է նա։ Ստեփան Դանիելյանի կարծիքով պետք է ներդրվեն ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմներ, պետք է բացառվեն գաղտնի ժողովներն ու համագումարները։ Սակայն ինչու՞ պետք է իր կուսակցությունում միաձայն ղեկավարող Սերժ Սարգսյանը փոխի կուսակցությունների մասին օրենքը, եթե կուսակցությունն իրենով է ուժեղ. «Այդ օրենքի փոփոխությունը պետք է հանրության պահանջով կատարվի, եւ կուսակցություններին ստիպեն լինել թափանցիկ եւ բաց։ Բնականաբար, կուսակցություններին դա ձեռնտու չէ, դա անհրաժեշտ է հանրության համար»։ Օրենքն ընդունելուց հետո կուսակցությունների մեծ մասը կլուծարվի, որովհետեւ նրանք այլեւս չեն կարողանա աշխատել նոր ձեւով։ Այսօրվա օրենքը երկու անգամ համապետական ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերին տալիս է լուծարվելու հնարավորություն, սակայն ըստ Ստեփան Դանիելյանի, օրենքը պետք է ամրագրի նրանց պարտադիր լուծարումը, ոչ թե լուծարման հնարավորությունը. «Կարելի է այդ օրենքն ավելի խստացնել, որ այն կուսակցությունները, որոնք մեկ տոկոսից կամ երկու տոկոսից չեն անցնում երկու անգամ ընտրությունների ժամանակ, նույնպես պետք է լուծարվեն»։ Քաղաքագետը վստահ է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է նախընտրական ծրագրերի խորը վերլուծություններ ներկայացնեն, որպեսզի ընտրողը ինտելեկտուալ ուժը գնահատի. «Դա նույնպես կբարդացնի, որ յուրաքանչյուր ոք կարողանա ինչ-որ կուսակցություն ստեղծել եւ այլ դրդապատճառներով մասնակցել ընտրություններին»։ Այլ խոսքով, կուսակցությունը պետք է դառնա գիտական ինստիտուտ, որովհետեւ, եթե նրան պետության կառավարում է վստահվում, ընտրողը պետք է տեսնի, որ կա համապատասխան մարդկային եւ գիտական ներուժ, որը մտադիր է պետություն ղեկավարել։ Սակայն Հայաստանում ՀՀԿ-ից բացի ոչ մի կուսակցություն փող չունի. «Պետք է  այդ հավասար հնարավորությունները ստեղծվեն նույնպես օրենքի միջոցով, այստեղ նաեւ գուցե փոփոխություններ լինեն Ընտրական օրենսգրքում եւ ստեղծվի ֆինանսական պայմանների հավասար հնարավորություն»,- կարծում է քաղաքագետը։ Ըստ Ստեփան Դանիելյանի, միայն նոր օրենքով հնարավոր կլինի վերացնել Հանրապետականի միահեծան իշխանությունը։ Այդ օրենքը նաեւ ընդդիմադիր շարքային կուսակցականներին պետք է դարձնի դերակատար, եթե հանկարծ իշխանությունը որոշի չեզոքացնել նրանց առաջնորդին. «Հենց թեկուզ վերջին օրինակը կապված ԲՀԿ-ի հետ՝ մեկ անձի ճնշելով ամբողջ կուսակցությունը խաղից դուրս եկավ»։