Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիան ի վերջո ճանաչե՞ց Հայոց ցեղասպանությունը. ՀՅԴ-ն վստահ չէ

Քաղաքականություն
878523ccfbb89f77fe3d7ff61f4e9ef1

Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Ա1+»-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց ԱԳՆ կայքէջում զետեղված արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բրազիլիայի Դաշնության սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Մեր հարցին՝ արդյո՞ք արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատում է, որ Բրազիլիայի Դաշնության Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Բալայանը նշեց. «Այն, ինչ կա մեր կայքում, մնում է ուժի մեջ»։ Մեր ճշտող հարցին՝ և այնուհանդերձ՝ արդյո՞ք կարող ենք փաստել, որ արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատում է այդ երկրի կողմից ցեղասպանության ճանաչման հանգամանքը՝ Բալայանը կրկնեց նախորդ պատասխանը՝ «Այն, ինչ կա մեր կայքում, մնում է ուժի մեջ»՝ այդպիսով ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով տեղեկությունը։ «Ա1+»-ը զրուցեց նաև civilnet.am-ի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ, ով իր հոդվածում հերքել է Բրազիլիայի Դաշնության Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը։ Լրագրողը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հիմնվել է Հայ Դատի գրասենյակի տրամադրած տեղեկության վրա, որով ևս հերքվում է այս տեղեկությունը։ Նշենք, որ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ օրերս հայտարարել էին այն մասին, որ Բրազիլիայի Դաշնության Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը մայիսի 29-ին Ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Բրազիլիան դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Հիշում եմ և պահանջում»։ Մայիսի 29-ին Արտգործնախարարության կայքում զետեղվել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը. «Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»։ «Մեկ տեղեկությունը, որ կա․ բանաձևի հեղինակ սենատորը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է՝ ներկայացրեցինք և որդեգրվեց: Մի քիչ շփոթ է, պետք է ասել: Հայ դատի հանձնախմբի տեղեկություններով, տակավին չի հասել քննարկման և քվեարկության Սենատի լիագումար նիստին: Շատ էլ պարզ չէ, երբ սենատորը իր «Ֆեյսբուքի» էջում է ասում է, որ ներկայացրեցինք և որդեգրվեց, այդ ում կողմից է որդեգրվել՝ հանձնաժողովի՞, թե՞ լիագումարի»,- «Ազատություն» ՌԿ հետ զրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ա1+»-ը հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի դեսպանատան ներկայացուցչի հետ, որը նշեց, որ այս պահին չի կարող պատասխանել հարցին։