Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում մեկնարկել է ԵԵՊ 2-րդ միջազգային համաժողովը

Քաղաքականություն
unnamed116

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի կողմից կազմակերպված ԵԵՊ 2-րդ միջազգային համաժողովի հանդիսավոր բացումը: Համաժողովի շրջանակում Երևանում գտնվող տասնյակ երկրների 200-ից ավելի պատվիրակներ մարդու իրավունքների, հանրային կառավարման, տնտեսական կայունության, ինչպես նաև քաղաքային զարգացմանն ու զբոսաշրջությանն առնչվող հարցերի շուրջ քննարկումների ընթացքում կարծիքներ են փոխանակել և ներկայացրել խնդիրների լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նրանց է փոխանցել համաժողովի առթիվ քաղաքապետի ուղերձը, որում մասնավորապես նշված է. «Վստա՛հ եմ, որ երիտասարդական ավյունով թարմ մոտեցումները վերը նշված ոլորտներում, լուծումների ինքնատիպ տարբերակներ կառաջադրեն: Կասկածից վեր է, որ այսօրվա երիտասարդությունը թե´ կամք և թե´ համապատասխան ներուժ ունի ոչ միայն սեփական երկրի առաջընթացն ու զարգացումն ապահովելու համար, այլև բաց է այլ երկրների իր հասակակիցների հետ երկխոսելու, փորձի փոխանակման համար: Համաժողովի բացման հանդիսությունը հենց այս սրահում անցկացնելը ևս մեկ ապացույցն է երիտասարդության հանդեպ մեր վերաբերմունքի և տարվող քաղաքականության, քանի որ Երևանի քաղաքապետարանի կենսագործունեության և տեսանելի ձեռքբերումների հարցում իրենց արժանի ներդրումն ունեն մեր թիմի ակտիվ ու բանիմաց երիտասարդները»: Վահե Նիկոյանը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ և բովանդակալից աշխատանք: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալ հարկի տակ համաժողովի անցկացման հնարավորության համար՝ ԵԵՊ Հայաստանի նախագահ Հովսեփ Պատվականյանն ընդգծել է, որ վերջին տարիներին քաղաքապետարանը երիտասարդական նախաձեռնությունների մշտական աջակիցն է: Նրա խոսքով քաղաքային ծրագրերում երիտասարդության հետ համագործակցությունը հիանալի արդյունքներ է գրանցում: Համաժողովի նախագահող Ռաբիհ Էլթեյրն իր հերթին նկատել է, որ Երևանն իր շնչով միանգամայն երիտասարդ քաղաք է, ու համոզմունք հայտնել, որ համաժողովն այստեղ անցկացնելու փաստը նոր հնարավորությունների հիմք կդառնա: Բացման արարողությանը հաջորդել է «Ժողովրդավարական հասարակության զարգացման մարտահրավերները Արևելյան գործընկերության երկրներում» թեմայի շուրջ պանելային քննարկում: