Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաներում չեղավ Հիմնադիր խորհրդարանի անդամների պատճառո՞վ (տեսանյութ)

Քաղաքականություն
media

Համաներումն անհրաժեշտություն է, հատկապես մեր երկրում, որտեղ դատական անկախությունը կասկածի տակ է, իսկ արդարացումներն ընդամենը մեկ տոկոսի են հասնում. այս մասին այսօր ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Ըստ իրավապաշտպանի՝ համաներումը փաստորեն իշխանության բարի կամքի դրսեւորումն է, եւ դատապարտյալը ինչ- որ չափով փրկվում է՝ հաշվի առնելով մեր կալանավայրերի վիճակը։ Ու նաեւ իշխանությունները համաներումը օգտագործում են որպես պատրվակ` բանտերը բեռնաթափելու համար. «Հին, բետոնապատ, չնորոգված, ջուրը ժամով տրվող, օդափոխություն չունեցող խցերում 25 հոգի են մնում»։ «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը ընդգծում է՝ 8 հոգու համար նախատեսված խցում չի կարող 9-րդը լինել. «Այսինքն՝ մնացած 12 հոգին ապօրինի են նստած»։ Փաստաբան Լուսինե Սահակյանի գնահատմամբ՝ համաներման հատուկ քաղաքականություն Հայաստանում չի գործում։ Փաստաբանը համոզված է ՝ բանտերի գերծանրաբեռնվածությունը ձեռնտու է ՔԿՀ-ի պաշտոնյաներին։ Կալանավորին սննդի համար օրեկան 1500 դրամ է պետությունը հատկացնում, սակայն գումարը չի ծառայում իր նպատակին. «Մենք մոնիտորինգ էինք անցկացնում եւ տեսնում. դա ուղղակի ուտելիք չէ, որ տրվում է նրանց»։ 1991թ –ից ի վեր Հայաստանում տեղի է ունեցել 9 համաներում։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կհայտարարվի 10-րդ համաներումը։ Քննարկման ավարտին Ավետիք Իշխանյանը, հղում կատարելով թեմայի շուրջ տարվող խոսակցություններին, ենթադրեց, որ համաներումը նախատեսվում էր ապրիլ ամսվա մեջ իրականացնել, սակայն հետաձգելու որոշում կայացվեց: «Իմ կարծիքով համաներումը պետք է իրականացվեր Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Սակայն այն հետաձգվեց, քանի որ կալանավորվեցին Հիմնադիր խորհրդարանի անդամները (որոնք նախատեսել էին իշխանության դեմ բողոքի ցույցեր իրականացնել Երևանում ապրիլի 24-ին)», - եզրափակեց նա: