Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միասնական արժույթ ունենալը մեկ օրվա խնդիր չէ. ալթըն, եվրաս կամ ռուբդրամ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
ccf2de43f2a4b9f55ffbe9c8ceb9de2d

ԵՏՄ անդամ պետությունների համար միասնական տնտեսական արժույթը դեռևս ապագայի խնդիր է։ Հայաստանի Կենտրոնական բանկը հերքում է առաջիկայում նման փոփոխությունը։ «Մեզ մոտ ԿԲ-ում նման ոչ քննարկումներ , ոչ որևէ փաստաթուղթ, ոչ որևէ նախաձեռնություն չի իրականացվում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։ Միասնական արժութային համակարգ ունենալը   համարվում է ինտեգրացիոն գործընթացի վերջին փուլը, որը մինչ այդ իրենից ենթադրում է մի շարք ոլորտների միասնականացում։ Այս կապակցությամբ ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը համոզմունք է հայտնում, որ պետք է ամենաքիչը մոտ 7-ից 10 տարի դա ուսումնասիրվի, քանի որ շատ հարցեր կան, որոնք պետք է իմի բերվեն։ Ոլորտի մասնագետները առանձնացնում են բազմաթիվ հանգամանքներ, որոնց վերջնական հստակեցումից հետո նոր միայն կարելի է խոսել մեկ արժույթի մասին։ Մինչ դրան հասնելը նախևառաջ անհրաժեշտ է ունենալ լիարժեք ձևավորված Մաքսային Միություն։ «Այսօր ասել, որ ԵՏՄ-ում կա լիարժեք Մաքսային Միություն, դա էլ չի կարելի, քանի որ կան բավականին վերապահումներ առևտրում երկրների միջև, այնուհետև ունենալ ընդհանուր շուկա, որը ենթադրում է ոչ միայն ապրանքների և ծառայությունների, այլև աշխատուժի և կապիտալի հոսքերի ազատականացում, որը նույնպես բավականին երկար գործընթաց է»,- շեշտում է Արմենակ Դարբինյանը։ Իսկ Սամվել Ճզմաչյանն էլ այս համատեքստում իր հերթին նկատում է, որ ԿԲ-ները պետք է իրար շատ մոտեցնեն վերաֆինանսավորման տոկոսադրույքները։ Ինչպես նաև գնաճի հետ կապված պետք է բավականին երկար տարիներ տանեն ընդհանրացված քաղաքականություն, որպեսզի գնաճը լինի ոչ բարձր, այլ համեմատելի կամ համադրելի։ Միասնական արժույթ ունենալու գաղափարը դեռևս նախորդ տարի հավանության էր արժանացել ԵՏՄ հիմնադիր պետությունների նախագահների կողմից։ Ալթըն, Եվրաս. սրանք միասնական տնտեսական արժույթի հնարավոր անվանումներն են։ Պարոն Ճզմաչյանը հումորով նշում է՝ կարելի է անվանել նույնիսկ ռուբդրամ։   Մանրամասները դիտեք տեսանյութում։