Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը կստեղծի՞ ամերիկյան կուսակցություն

Քաղաքականություն
835a5bc1ebb7f879bef40dafe54aab23

Ակնհայտ էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը, «ինստիտուցիոնալ ընդդիմության» ստեղծման համար պետք է նախ լուծի իր կազմակերպա-կառուցվածքային հարցը, դառնա քաղաքական կուսակցություն: Ասում է քաղաքագետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ իր համակիրների կողմից նոր կուսակցության ստեղծմանը։ «Այդ կազմակերպա-կառուցվածքային բաղադրիչն էլ թույլ կտա հասկանալու, թե որքանով այն կարող է դառնալ իրենց կողմից վկայակոչված ինստիտուցիոնալ ընդդիմություն: Դա կախված է նաև կուսակցության տիպից. այն ուժե՞ղ, թե՞ թույլ կառուցվածքով է լինելու, այսինքն, եթե այդ կուսակցությունը հայտնվի խորհրդարանում, արդյո՞ք դրա լիդերները պատրաստ են ազատություն տալ պառլամենտական ֆրակցիային իրենց քվեարկություններում: Կլինի կենտրոնացվա՞ծ, թե՞ ապակենտրոնացված. ադյո՞ք դրա հիմնադիրները պատրաստ կլինեն կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներին տրամադրել բավականաչափ իշխանություն տեղական մակարդակներում»,- ընդգծում է քաղաքագետը։ Նրա կարծիքով՝ կուսակցությունն իր բնույթով պետք է լինի ոչ թե հիերարխիկ, այլ ստրատոարխիական միավոր, ինչպես ամերիկյան կուսակցությունների մոդելն է. «Այդպիսի կուսակցություն կառուցելու համար պետք է լուրջ ու երկարատև աշխատանք, որպեսզի դրա բոլոր բջիջներն աշխատունակ լինեն, մյուս կողմից էլ, նման կուսակցություններին ներհատուկ է ֆրակցիաների հակվածությունը՝ ժամանակի ընթացքում վերածվելով անվերահսկելի կառույցի: Կարճ ասած՝ սա նաև քաղաքական մշակույթի խնդիր է: Մեր տիպի երկրներում, որտեղ չկա ժողովրդավարական կոնսոլիդացիա, երբ կուսակցությունները չունեն բավականաչափ կայացվածություն, երբ հանրության մոտ չկա կուսակցական նույնականացում, դրանք հեշտությամբ հայտնվում են անհատներից կախյալ վիճակում: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի գաղափարը կարող է իրականություն դառնալ ապակենտրոնացված և թույլ կառուցվածքով կուսակցություն հիմնելու պարագայում»։ Քաղաքագետը հարկ է համարում հիշեցնել նաեւ հայտնի տեսաբան Ռոբերտ Միխելսին, ով քաղաքագիտության մեջ ներմուծեց «օլիգարխիզացիայի երկաթյա օրենքի» տեսությունը, համաձայն որի՝ բոլոր կազմակերպություններում, ժամանակի ընթացքում, հայտնվում են մի խումբ անձինք, ովքեր իրենց ձեռքում են կենտրոնացնում ողջ վարչական և ֆինանսական ռեսուրսները: «Պետք է բոլոր այս հիմնահարցերը մանրակրկիտ ուսումնասիրել ու հաշվարկել՝ խուսափելու համար «հերթական» կուսակցության ճակատագրից»,- շեշտում է քաղաքագետը։