Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաներին լեզվական սխալների դեպքում դեռ չեն տուգանել (տեսանյութ)

Հասարակություն
7375b7955ba32a2e40585b03491924b4

Արդեն տասներորդ տարին է՝ փետրվարի 21-ին մեր երկիրը նշում է Մայրենիի օրը։ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը վստահեցնում է, որ անընդհատ աշխատում են, որպեսզի բնակչությունը մայրենին մաքուր պահի։ «Հենց տնից՝ ծնողների միջոցով երեխան պետք է տիրապետի մաքուր լեզվին, որպեսզի հետո դպրոց գնա արդեն պատրաստված»,-շեշտել է նա։ Տեսչությունն ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում դատարանի միջոցով տուգանք է կիրառում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր խախտում են լեզվի մասին օրենքը։ Իսկ լեզվական աղավաղումները նկատում են սկսած լրատվամիջոցներից, վերջացրած պետական պաշտոնյաներով։ Հարցին, թե պաշտոնյաների հանդեպ կիրառվո՞ւմ են արդյոք տուգանքներ, տիկին Հովյանը նշել է. «Մինչև այժմ պաշտոնյաների հանդեպ նման տուգանք չի կիրառվել»։ Վերջին տարիներին Լեզվի պետական տեսչության գործառույթները նվազեցվել են և այժմ այն միայն վերահսկողական գործառույթ է իրականացնում։ «Լեզվի մասին օրենքը վերանայման կարիք ունի։ Մենք ստուգաթերթերի հարցով օրենքի նախագիծ ենք ներկայացրել, որը մեկ տարուց ավելի է՝ չի հաստատվում»,-շեշտել է Լեզվի պետական տեսչության պետի տեղակալը։ Տիկին Հովյանի կարծիքով՝ այս կերպ իրենց ազդեցությունն ավելի է փոքրացվում։ Բացի տարբեր հաստատությունների անունների ոչ հայատառ լինելուց, խնդիր են նաև աշխարհագրական տեղանունները և բնակչության անուն-ազգանունները։ Նախորդ տարվա ընթացքում տեսչությունը դատարան է ուղարկել 42 գործ, որի արդյունքում 19 մլն դրամ գումար է մուտքագրվել բյուջե։ Ի դեպ՝ լեզվական աղավաղումների դեպքում առավելագույն տուգանքը 600 մլն դրամ է։ Չնայած վերոնշյալ թերություններին ու օրենքի բացթողումներին, Լեզվի պետական տեսչության պետի տեղակալը լավատես է։ 5 բալանոց համակարգով գնահատելու դեպքում տիկին Հովյանը մեր լեզվի վիճակը 4 է գնահատում։