Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ առաջին նախագահի խոհերը շոկի մեջ են գցել ՀՀԿ-ականին (տեսանյութ)

Քաղաքականություն
e509c916b0d4602fff4395aad38e7171

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը շոկի մեջ է ընկել, երբ կարդացել է «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» մասին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոհերը. «Ցավում եմ, որ մեր երկրի առաջին նախագահի գրիչը նման տողեր է գրում, չեմ ցանկանում մեկնաբանել, համենայնդեպս այդ տողերի մեջ ես բավականին չարություն եմ տեսնում` այն, ինչ ժամանակին չի հաջողվել իրեն, հաջողվել է մյուսներին, պետք չէ նման քննադատական մոտեցումներ ցուցաբերել: Ես իրոք զարմացած եմ` հաշվի առնելով նրա ինտելեկտուալ կարողությունները»: «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիր»-ը Սերժ Սարգսյանը ներկայացրեց հունվարի 29-ին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ հռչակագիրը ոչ թե հրապարակախոսական կամ քաղաքական մանիֆեստ է, այլ իրավական փաստաթուղթ, մինչդեռ այն համարժեք չէ իր բնույթին: ՀՀԿ-ական պատգամավորն այլ փաստարկ է բերում. «Հռչակագրում այն բոլոր կետերը, որոնք զետեղված են, դա իրոք նրանք են, որոնք մեր երկրին, մեր ժողովրդին ու Սփյուռքին անհանգստացնում են»: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի համար անընդունելի է, երբ քաղաքական գործիչները փորձում են տողատակերում ինչ-որ խնդիր գտնել. այն պետք է նայել ամբողջության մեջ. «Չի կարելի հռչակագիրը դիտարկել որպես` այս կամ այն նախագահի հետ չի քննարկվել կամ չեն ստորագրել եւ այլն: Մենք ունենք մեր երկրում ձեւավորված իշխանություն, ունենք ժողովրդի կողմից ընտրված նախագահ, որն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է որոշակի գործառույթ»: Հովհաննես Սահակյանը չցանկացավ քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոհերի բովանդակությունը. «Հենց մենք փորձենք մտնել բովանդակային քննարկման մեջ, կարծում եմ`դա ոչ մի լավ տեղ չի տանի մեզ: Ցանկացած նախագիծ, երբ որ գրված է, կարող ես նաեւ այլ կոնտեքստի մեջ, ներկայացնել առնվազն 10 առաջարկություն կամ բարելավում»։ ՀՀ առաջին նախագահի դիտարկումներին արձագանքել էր նաեւ նախկին արտգործնախարար, այժմ` ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նա հիմնականում խոսել էր հայ-թուրքական արձանագրություններից, որոնց առկայությունը մեր քաղաքական օրակարգում էականորեն թուլացնում է հռչակագիրը: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մոտեցումները հետեւյալն են. «Այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, այն սարսափելի աղետը, որը Թուրքիան այն ժամանակվա վարչակազմով բերեց մարդկության գլխին, անշուշտ պիտի համամարդկային նորմերի բոլոր տրամաբանական ընկալումների ու կարգերի համաձայն արժանանա համապատասխան գնահատականի եւ հետեւանքների»: Ի դեպ, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ անընդունելի է, որ հռչակագրում շնորհակալություն է հայտնվում այն երկրներին, որոնք խիզախություն են արել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Նրա կարծիքով` դա մեր երկրին նվաստացուցիչ վիճակում է դնում, քանի որ մարդկության դեմ ուղղված այդպիսի ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է: