Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տէառնընդառաջին կրակի վրայով կարող եք չթռչել». հոգևորական

Հասարակություն
tearnyndaraj

Առաջիկայում տոնելու ենք մեր եկեղեցու ամենապայծառ տոներից երկուսը՝ Տէառնընդառաջը և Բարեկենդանը: Տէառնընդառաջն անփոփոխ տոն է, նշվում է փետրվարի 14-ին: «Երբ Հիսուսի 40 օրը լրանում է, ծնողները նրան բերում են տաճար՝օրհնելու: Սիմեոն կաթողիկոսն ընդառաջ է գնում Հիսուսի ծնողներին, գրկում փոքրիկին ու տանում տաճար: Այստեղից էլ տոնի անվանումը՝ Տէառնընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ գնալ»,-տոնի նախապատմության մասին պատմել է Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Վաղը երեկոյան եկեղեցիներում ժամերգություն է լինելու, հետո՝ նախատոնակ: Մարդիկ կարող են իրենց հետ ջահ տանել տուն, որը խորհրդանշում է Տիրոջը: Տոնի օրը Սուրբ պատարագ է մատուցվում, կատարվում է նաև նորապսակների օրհնության կարգ: Տէառնընդառաջին ընդունված է նաև կրակի վրայով թռչել: «Սա ժողովրդի մեջ տարածված սովորույթ է, և բոլորը կարող են իրենց տների մոտակայքում կրակ վառել ու թռչել, բայց ովքեր այս սովորույթը չպահեն, մեղք գործած չեն լինի»,- նշել է ԱՀԹ երիտասարդաց միության համակարգողը: Նրա խոսքով՝ շատ անգամ եկեղեցուն մեղադրում են, թե հեթանոսական տոն է նշում, բայց դա այդպես չէ: Կրակի վրայով թռչելն էլ գեղեցիկ սովորույթ է, Հայ առաքելական եկեղեցին միայն դեմ է նրան, որ կրակը պաշտամունքի վերածվի: Տէառնընդառաջի հաջորդ օրը նշվում է Բարեկենդանը, որը շարժական տոն է. ամեն տարի տարբեր օրերի է նշվում: Խորհրդանշում է քաղցր կյանք, բարի կենդանություն: Դրա հաջորդ կիրակին էլ արտաքսման օրն է, երբ Աստված Ադամին և Եվային արտաքսեց դրախտից: Այս տոնը միայն վերջին տարիներին է նշվում իր բոլոր սովորույթներով: Փետրվարի 15-ին՝պատարագից հետո, Սբ. Սարգիս եկեղեցուց եկեղեցականները՝ տոնի բոլոր մասնակիցների հետ շարժվելու են Կասկադ համալիր: Բարեկենդանն ավելի շատ երիտասարդների տոն է և այդ օրը նրանք կարող են տարբեր դիմակներով ներկայանալ: «Մեծ տոնախմբություն է լինելու: Բոլոր երիտասարդներին հրավիրում ենք»,-եզրափակել է Տեր Պետրոսը: Տոնի հաջորդ օրվանից սկսվելու է Մեծ պահքի շրջանը: