Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ երգեր ենք վերհիշում, որոնց վրա փոշի էր դրված»

Հասարակություն
erg

Արդեն 5 տարի յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի երեկոյան եթերում երգի տոն է. հայկական հեռուստաեթերի ամենապահանջված երաժշտական նախագծերից մեկն արդեն հինգերորդ տարին է` հեռուստաէկրանների մոտ ու նկարահանման տաղավարում հավաքում է հայ երգի սիրահարներին: «Երգ երգոց» նախագծում հնչում են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածները ներկայացնող երգեր՝ սկսած անցյալ դարի սկզբից մինչև մեր օրերը, որոնք ուղեկցվում են տվյալ պատմափուլի ժամանակագրությունը ներկայացնող տեսանյութով: Առանձին հաղորդումներ են նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, զանազան հոբելյանական առիթներով հնչում են սիրված երգեր: Հաղորդավար Խորեն Լևոնյանն ամեն ելույթից առաջ ներկայացնում է երգն ու կատարողին, իսկ նախագծի ընթացքում տաղավարում ներկա երաժշտագետները, կոմպոզիտորներն ու մտավորական հյուրերը քննարկում են հնչած երգերը: Պրոֆեսիոնալ ստեղծագործական խմբի շնորհիվ ստեղծված «Երգ երգոց»-ն այսօր և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ամենամեծ լսարան ունեցող հաղորդումներից է: Երաժշտական նախագիծը հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում Ստեփանակերտում, ԱՄՆ-ում: 5 տարիների ընթացքում եթեր է հեռարձակվել շուրջ 405 հաղորդում: Տոնական հոբելյանական թողարկումը Հանրայինի եթերում կլինի վաղը՝ կիրակի, Առաջին լրատվականի կիրակնօրյա թողարկումից անմիջապես հետո: Հաղորդավար Խորեն Լեւոնյան. «Երգ երգոցը» հնարավորություն է տալիս միջին եւ մեծ սերնդի ներկայացուցիչների համար վերհիշելու այն երգերը, որոնք եղել են ժամանակին, որոնք իրենք լսել են, իսկ երիտասարդ սերնդի համար լավ է, երբ հնարավորություն ունես ինֆորմացիա ստանալու: Հաղորդման հաջողության գրավականներից մեկը Խորեն Լեւոնյանը թիմային ջերմ հարաբերություններն է համարում»: Դերասանի կարիերային զուգընթաց, Խորեն Լեւոնյանը այլ հաղորդում եւս կվարի, եթե հետաքրքիր առաջարկություններ լինեն: «Իսկ «Երգ երգոց»-ում պատրաստ եմ հաղորդումը վարել այնքան ժամանակ, որքան այն կլինի: Հաղորդումը աշխարհի տարբեր մասերում հային պահում է հայ՝ թե՛ խոսքով, թե՛ երաժշտությամբ»: Հաղորդումը Խորեն Լեւոնյանի առօրյան յուրաքանչյուր շաբաթ լցրեց ժողովրդական, աշուղական երգերով, հայկական երաժշտությամբ, իսկ առօրյայում նա լսում եւ սիրում է տարբեր ուղղությունների երաժշտություն. յուրաքանչյուր ուղղության լավագույնը: Հաղորդման պրոդյուսեր Աննա Գրիգորյան. « 2010 թվականին առաջին անգամ մենք մտանք եթեր՝ սկսելով մի բան, որը չգիտեինք՝ մինչև ուր կհասցնենք: Տեսնելով մեր ազգային, ժողովրդական երգ-երաժշտության բացը այսօրվա հեռուստաեթերում՝ նման նախագիծ ստեղծելով, փորձեցինք լցնել այն: Կարճ ժամանակ հետո հաղորդումը սիրվեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, ինչը մեզ համար բացահայտում էր»: Աննայի խոսքով, «Երգ երգոցի» ստեղծագործական խումբը հաղորդման ստեղծման օրից մինչև այսօր իր վրա վերցրել է շատ մեծ պատասխանատվություն՝ երեւան հանել մոռացված հայրենասիրական, ժողովրդական երգերը եւ նման կերպ կատարել որոշակի ուսուցողական եւ դաստիարակչական ֆունկցիա: «Երգ երգոց» հաղորդման հաջողության գաղտնիքը,Աննա Գրիգորյանը համարում է ճիշտ թիմային աշխատանքը: Թեեւ հաղորդումը 5 տարի եթերում է, այնուամենայնիվ, իր կարծիքով չի սպառել, քանի որ հայկական երաժշտությունը ուսումնասիրության մեծ դաշտ է ապահովում: Արսեն Գրիգորյան՝Մրո. «Նախ առաջինը կցանկանայի շնորհավորել բոլորիս, ոչ թե միայն «Երգ երգոցի» աշխատախմբին, երգիչներին, այլեւ ամբողջ ժողովրդին: «Երգ երգոցը» սովորական ժամանցային հաղորդաշար չէ, այն շատ կարեւոր առաքելություն է վերցրել իր վրա՝ տարածելու այն երգերը, որոնք պետք է տարածվեն մեր հայ հասարակության մեջ՝ լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Դրա համար հաղորդումը ոչ միայն գեղագիտական արժեք է ներկայացնում իրենից, այլեւ դաստիարակչական, ինչու չէ նաեւ տեղեկատվական բնույթ, սա բովանդակ երեւույթ է, որը դարձնում է այս հաղորդաշարը կարեւոր բոլորիս համար՝ մեր երեխաների, մեծերի, շատ-շատ երգեր է վերհանում, որոնց վրա փոշի էր դրված: Շատ գնահատելի է այն փաստը, որ նոր անուններ են վերհանվում հաղորդման միջոցով»: