Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԱԾ տնօրենի ելույթը հակասահմանադրական էր ու սադրիչ»

Քաղաքականություն
83903fa6580ab5a86b865b12b9d394ef

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գ. Հակոբյանի հակասահմանադրական և սադրիչ ելույթի վերաբերյալ. Խորհրդային տխրահռչակ չեկայի ստեղծման օրը նշվող ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության օրվան նվիրված իր ելույթում այդ ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գ. Հակոբյանը նշել է, որ մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու կոչեր: Գ. Հակոբյանը բացասաբար է անդրադարձել «սփյուռքահայությանն ընդդիմության ազդեցության ոլորտ ներքաշելու, այդ նպատակով արտերկրի հայկական համայնքներում շտաբեր ձևավորելու մտադրություններին» և ընդգծել, որ «ներքաղաքական պայքարին պետք է մասնակցեն Հայաստանի քաղաքացիները, իսկ օտարերկրացիները, անկախ նրանց ազգային պատկանելիությունից, այս ոլորտում անելիք չունեն»: Նա նաև նախազգուշացրել է, որ իր ղեկավարած ծառայության կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար: «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի վերոհիշյալ արտահայտությունների վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիրքորոշումը.

  1. ՀՀ ԿԱ ԱԱԾ-ն այդպես էլ չի դարձել ՀՀ ազգային անվտանգությունն ապահովող կառույց: Ընդհակառակը, այն ըստ էության եղել և մնում է որպես խորհրդային չեկայի ժառանգորդ: Այդ կառույցը նորգաղութային վարչակազմի վերածված ապազգային ու հանցավոր ռեժիմի հիմնական գործիքներից մեկն է։ Այն ազգային անվտանգության փոխարեն ապահովում է ՀՀ-ում ժողովրդի իշխանությունը յուրացրած, պետության ինքնիշխանությունը օտարին հանձնող, ժողովրդի կեսին բռնագաղթի ենթարկած, իսկ մյուս կեսի մեծ մասին աղքատության մատնած և, առհասարակ՝ երկիրը հեռանկարից ու գոյության հնարավորություններից զրկող ռեժիմի անվտանգությունը։
 
  1. Ռեժիմն ըստ էության ճյուղավորված ու էշելոնացված հանցավոր համագործակցություն է, որը վաղուց «տապալել է սահմանադրական կարգը», բռնությամբ, կեղծիքներով ու խաբեությամբ յուրացրել է ժողովրդի իշխանությունը և դարձել հակասահմանադրական: Այդ պատճառով սահմանադրական կարգի, այն է՝ ռեժիմի հեռացմանը և ժողովրդի իշխանության ու պետության ինքնիշխանության հաստատմանը, ուղղված բոլոր գործողությունները, այդ թվում՝ ապստամբությունը, ինչպես նաև դրանք կատարելու կոչերը բխում են բնական իրավունքից, ուստի միանգամայն իրավական ու սահմանադրական են, ինչը ուղղակի և անուղղակի սահմանումներով նախատեսված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ժողովրդի՝ որպես իշխանության միակ աղբյուրի և կրողի, գերիշխանությունը հռչակող շատ պետությունների պետականաստեղծ ակտերում ու սահմանադրություններում (օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի նորմերում)։
  2. Արտերկրում բնակվող հայությունը բաղկացած է երկու հիմնական հատվածներից՝ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայությունից և անցած երկու տասնամյակների ընթացքում իրարահաջորդ ռեժիմների իրականացրած սպիտակ եղեռնի հետևանքով Հայրենիքից փաստացիորեն բռնագաղթի ենթարկված հայությունից: Այս վերջինների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են կամ այդ քաղաքացիների զավակներ, որոնք բռնագաղթված լինելու պատճառով չեն կարողացել ՀՀ քաղաքացի դառնալ:
Ազգությամբ հայ բոլոր մարդիկ, անկախ իրենց քաղաքացիությունից, Հայրենիք ունենալու, այդ Հայրենիքում քաղաքականապես կազմակերպվելու, պետություն ստեղծելու և այդ պետության քաղաքացի լինելու իրավունք ունեն: Ինչ վերաբերում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ապա ՀՀ գործերին մասնակցելու նրանց իրավունքը ոչ մեկը չի կարող սահմանափակել: Նույն տրամաբանությամբ պետք է դիտարկել նաև իրարահաջորդ ռեժիմների հակահայ քաղաքականության հետևանքով ՀՀ քաղաքացի դառնալու հնարավորությունից զրկված ՀՀ քաղաքացիների զավակների պարագան:
  1. Անկախ վերը նշվածից, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից երբևէ չեն հնչեցվել «իշխանություններին ուժով տապալելու» կոչեր, իսկ նրա գործողություններում առկա չեն եղել սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական դրսևորումներ: Շարժումը մշտապես շեշտել է և շեշտում է, որ թեպետ անգամ ապստամբության եղանակով ռեժիմի հեռացումը միանգամայն իրավական ու սահմանադրական է, սակայն, հաշվի առնելով մեր երկրի արտաքին ու ներքին վիճակը, ինչպես նաև ձգտելով խուսափել զոհերից և այլ անցանկալի հետևանքներից, ռեժիմի հեռացումը տեսնում է քաղաքացիական անհնազանդության գործողությունների միջոցով: Շարժումը բազմիցս նշել է, որ միայն այն դեպքում, եթե ռեժիմը բռնություն գործադրի իր իշխանությունը վերահաստատող ժողովրդի դեմ, կողմնակից է դառնալու ժողովրդի կողմից ինքնապաշտպանության դիմելու և նրան պատկանող իշխանությունը ամեն կերպով՝ այդ թվում՝ բռնությանը բռնությամբ պատասխանելու միջոցով, վերահաստատելու բացառիկ իրավունքը գործադրելուն:
Վերոհիշյալի հաշվառմամբ՝ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը փաստում է, որ յուրային ժողովրդից ապազգային և հանցավոր ռեժիմի անվտանգության ապահովման գլխավոր պատասխանատու Գ. Հակոբյանի դիտարկվող ելույթի իրական նպատակը ապօրինի բռնություններ կիրառելու համար հող նախապատրաստելու փորձ և սադրանք է: «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտարարում է, որ պատրաստ է հաղթահարելու այս մարտահրավերը և, անկախ ամեն ինչից, կարողանալու է ոտքի հանել ժողովրդին, հեռացնել ռեժիմին և հաստատել ժողովրդի իշխանությունն ու պետության ինքնիշխանությունը: