Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երիտասարդները գործազուրկ են փորձառության պակասի պատճառով» (տեսանյութ)

Հասարակություն
univesity-graduate

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է: Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը այս կապակցությամբ նշում է, որ երկրում տնտեսության վիճակը, հատկապես երիտասարդության համար, մնում է անորոշ, սակայն ԵՄ արևելյան գործընկերության բացված պատուհանը իրական հնարավորություն է առանցքային դերակատարություն ունենալու Հայաստանում երիտասարդական աշխատանքի ու քաղաքականության ձևավորման ու զարգացման համար: «Մեր կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այսօր երիտասարդների ձայնը կարող ենք բարձրաձայնել պետական մակարդակով և հասանելի դարձնել պետական տարբեր ատյաններում: Պետք է նշեմ նաև, որ այդ երիտասարդությունը միատարր չէ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են ընդգրկված և իրենց խնդիրները բարձրացնում են կառավարության առջև»,- ասաց Ատոմ Մխիթարյանը: Խոսելով երիտասարդության առջև ծառացած խնդիրների մասին՝ Ատոմ Մխիթարյանն ասաց, որ այսօր գերխնդիր է շարունակում մնալ զբաղվածության և գործազրկության հարցը: «Առհասարակ միջին տարիքի մարդկանց հետ համեմատած՝ այսօր երիտասարդությունը 10%-ով ավել գործազուրկ է, իսկ դա պայմանավորված է նրանց փորձառության պակասով»: Երկրորդ կարևոր խնդիրը, ըստ բանախոսի, տեղեկատվության պակասն է՝ մասնագիտության ընտրության առումով: «Նրանք ծնողների ընտրությամբ ընդունվում են ԲՈՒՀ, ավարտում են այն, սակայն հետո չգիտեն, թե ինչպես աշխատանք գտնեն, կամ ինչ կերպ կիրառեն իրենց ստացած գիտելիքները»,-նշեց բանախոսը՝ հավելելով նաև, որ այս խնդրի պատճառով էլ հենց ստեղծել են կայք, որտեղից հետաքրքրված անձիք  կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ այդ հարցերի վերաբերյալ: «Առաջին փուլ՝ տեղեկատվություն ենք ապահովում, երկրորդ փուլ՝ մասնագիտական խորհրդատվություն ենք տալիս»: