Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեղափոխությունը չի հասունանում նաեւ արտագաղթի պատճառով» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
drosh

Հայաստանում հեղափոխություն չի եղել եւ հնարավոր էլ չէ իրականացնել` կարծում է պատմաբան Արա Պապյանը. «Եթե հեղափոխությունը լենինյան ձեւակերպումով վերցնենք` վերեւները չեն կարող, ներքեւները` չեն ուզում, դա կա ՀՀ-ում: Պարզապես խնդիրն այն է, որ ներքեւները գտել են իրենց համար լուծման այլ տարբերակ»: Լուծման այդ տարբերակն, ըստ նրա, արտագաղթն է, որի արդյունքում հեղափոխության համար անհրաժեշտ քանակ երկրում չի ապահովվում: Բացի այդ, պատմաբանի դիտարկմամբ, դարեր ի վեր հայ ժողովուրդը եղել է ճնշված վիճակում, ու առանց պետականության դարձել առավել հարմարվող. «Օրինակ` երիտասարդությունն ակնհայտորեն այդ հարմարվող տեսակը չէ: Երիտասարդությունը փորձում է ինչ-որ հարցեր լուծել եւ պայքարում է: Ուղղակի այստեղ վատը այն է, որ պայքարող ու ազնիվ երիտասարդությունն իր տեղը չի գտնում հասարակությունում եւ արտագաղթի պատճառով այդ քանակը չի կարողանում այնքան կուտակվել, որ փոխվի որակի»: Պարոն Պապյանը դժվարանում է հիշել հեղափոխության փորձի անգամ մեկ օրինակ: Եթե 1998թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը նա համարում է հեղաշրջում, ապա մեկ տարի առաջ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործողությունները` հուսահատ ընդվզում: Այս պայմաններում, ըստ նրա, գոնե իշխանափոխությունն ընտրությունների ճանապարհով, անհրաժեշտություն է. «Ընտրություններին իշխանությունները կարող են վերաբերվել օրինական, եթե նրանց վրա լինի համաշխարհային ուժեղ ճնշումը, այսինքն` նրանք պարտադրված լինեն անցկացնելու օրինական ընտրություններ»: ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը հակառակ կարծիքին է` Հայաստանում հեղափոխություն եղել է. «1988-90թթ. հեղափոխություն էր` ազգային հեղափոխությունը, որը պայքար էր անկախության համար»: Ըստ նրա` կա երկու տիպի հեղափոխություն` սոցիալական եւ ազգային: Այսօր հնարավոր է միայն սոցիալական հեղափոխությունը. «Սա արդեն հղի է շատ ավելի մեծ վտանգներով, ընդհուպ մինչեւ անկախության կորստի վտանգով: Այս պայմաններում շատ հեշտ է դրսից ներդրում անել որեւէ մեկին, որը այդ պոտենցիալ դժգոհությունը` եռացող կաթսան, կփակի եւ պայթյուն տեղի կունենա, որից հետո այլեւս չես իմանա` որ ուղղությամբ կգնա»: Պարոն Եսայանը նկատում է` սոցիալական բունտին նպաստում են աղքատության շեշտակի աճը, ընտրական համակարգի եւ կուսակցությունների նկատմամբ հավատի ճգնաժամը: Նա համաձայն է այն մտքի հետ, որ արտագաղթի պատճառով նաեւ չի հասունանում հեղափոխությունը. «Գոլորշին, ինչ-որ անցք կա, որով դուրս է գալիս: Որոշ մարդիկ, որոնք համապատասխան կոչերի դեպքում կգնային սոցիալական բունտի, քաղաքացիական անհնազանդության, նախընտրում են չգնալ այդ քայլերին, ընտրել խաղաղ, հանդարտ ճանապարհը` ուղղակի ոտքերով քվեարկել այս երկրի ապագայի մասին իրենց ուղղված հարցմանը»: