Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ

Մարզեր

Գյումրիի Ղանդիլյան 3 շենքի 15 բնակարանում ապրող Հասմիկ Ամիրխանյանի ընտանիքի նկատմամբ վտարման որոշում է կայացվել: 1988-ի երկրաշարժին չորս սենյակ կորցրած Ամիրխանյանները բնակարանատեր էին դարձել երեք տարի առաջ, եւ բնակարանների ստացման հերթացուցակի յոթերորդ կետի արտոնությամբ Գյումրիի քաղաքապետարանից ստացել էին երեք սենյականոց բնակարան, սակայն քաղաքապետարանի որոշումը Շիրակի մարզպետարանը չի հաստատել: Ընտանիքը բնակարանը ստացել էր հենց այն տարիներին, երբ բնակարանների բաշխման ընթացքում մարզպետարան քաղաքապետարան տարաձայնությունների հետեւանքով հաճախ նույն բնակարանը հատկացվում էր երկու տարբեր ընտանիքի: 2006-ին տեղական եւ մարզային կառույցներն արդեն այս հարթությունում իրար հետ խնդիրներ չունեն: Փոխարենը լուրջ խնդիրներ ունեն բնակիչները:

Դատական մարմնի որոշման համաձայն Ամիրխանյանները ազատելու են ներկայիս զբաղեցրած բնակարանը: Շիրակի մարզպետարանը 5 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին առաջարկում է ապրել հանրակացարանում, մինչեւ բնակարանային հարցի վերջնական լուծումը: Ընտանիքը, սակայն, չի համաձայնվում առաջարկված տարբերակին : Անհամաձայնության արդյունքում գործն հասել է դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցներին: Ամիրխանյանների ընտանիքը ուզի-չուզի մեկ-երկու օրում ազատելու է բնակարանը:

Գյումրիի «Ցայգ» հ/ը