Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահները հայտարարություն են տարածել

Քաղաքականություն
9191c1f308a3c8739e6b3869c03f075d

ԵԱՀԿ կայքում տեղադրվել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը` հոկտեմբերի 14-ից 18-ը տարածաշրջան կատարած այցի եւ հայ-ադրբեջանական սահմանի դիտարկման վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովը եւ Պիեռ Անդրյուն այս շաբաթ այցելել են տարածաշրջան` իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելու եւ հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում անցկացնելու համար: Հայտարարությունը փոխանցում է armtimes.com-ը։ Այցի շրջանակներում համանախագահներին է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի կարողացել այցելել տարածաշրջան անձնական պատճառներով, բայց այցի ընթացքում ամերիկյան կողմը ներկայացված է եղել։ Համանախագահները տեղեկացնում են, որ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Երևանում՝ Սերժ Սարգսյանին: Երևանում համանախագահները խորհրդակցություններ են ունեցել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումների ընթացքում համանախագահները քննարկել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այս ամիս Փարիզում նախատեսվող հանդիպման պատրաստությունները: Համանախագահները հիշեցնում են Սոչիում և Ուելսում նախագահների վերջին հանդիպումները և նշում, որ շփման գծի և սահմանի երկայնքով իրավիճակը կայունացել է այս ամառ նկատված լարվածությունից հետո: Համանախագահները նաև հույս են հայտնել, որ հրադադարի խախտման վերջին դեպքերն ինտենսիվ բնույթ չեն կրի: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանը` համանախագահները հայտարարում են, որ սահմանի երկու կողմերում հանդիպել են տեղի պաշտոնյաների և հրամանատարների հետ՝ անվտանգության պայմանների մասին տեղեկություններ ստանալու համար: Համանախագահները կոչ են արել կողմերին` քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու եւ, մասնավորապես, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունը կանխելու համար: