Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փախստականները տեղյակ չեն իրենց իրավունքներից (տեսանյութ)

Հասարակություն
nkar3

Այսօր ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց համար նախատեսված «հաճախ տրվող իրավական հարցերի» տեղեկատվական ձեռնարկի շնորհանդեսը, որին ներկա էր նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Վերջինս իր ելույթում նշեց, որ ՀՀ փաստաբանների պալատը, նկատի ունենալով Սիրիայից տեղահանված անձանց համար պաշտպանություն, պատշաճ ընդունելություն ապահովելու, ինչպես նաև Հայաստանում նրանց ինտեգրմանն ուղղված քայլեր ձեռնարկելու կարևորությունը, ձեռնամուխ է եղել «Սիրիահայերին իրավական աջակցություն» փաստաբանական ծրագրի իրագործմանը։ Ծրագիրն իր մեջ ներառում է Սիրիայի փախստականներին անվճար իրավաբանական օգնության տրամադրում՝ իրավախորհրդատվություն, պետական մարմիններում ներկայացուցչություն, ինչպես նաև ոչ բարդ գործերով դատական ներկայացուցչություն։ «Սիրիայում ծագած հակամարտության հետևանքով մոտ 16 հազար հայեր պաշտպանություն և աջակցություն են ակնկալել մեր հանրապետությունից, և մենք հնարավորության սահմաններում սատար ենք եղել նրանց, որպեսզի նրանք հեշտ ինտեգրվեն մեր հասարակությանը։ Սակայն փախստականները ևս անմասն չեն մնում խնդիրներից, նաև պետական մարմինների հետ շփումների ժամանակ»,-ասաց Արա Զոհրաբյանը և հավելեց, որ այս ծրագրի առաջին փուլով նախատեսված է անվճար բանավոր և գրավոր իրավական աջակցություն տրամադրել տեղահանված անձանց։ Իսկ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆեր Բիրվիրթը իր հերթին հավելեց, որ փախստականների հետ տարվող աշխատանքներում նկատվում է, որ վերջիններս բավարար չափով տեղեկացված չեն լինում օրենսդրությամբ իրենց տրվող հնարավորությունների, կամ իրավասությունների մասին։ Բանախոսի կարծիքով՝ այս ձեռնարկը օգնելու է նրանց կողմորոշվել, թե պաշտպանության առկա հնարավորություններից որն է առավել նախընտրելի իրենց համար։