Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Բաղրամյան 26-ին չլսեք, ամեն ինչ լավ կլինի» (տեսանյութ)

Քաղաքականություն
53eba4367b6eedeabb537a229e525972

ԱԺ նիստն այսօր մեկնարկեց նկատողություններով։ Մի քանի րոպե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չէր կարողանում լռեցնել պատգամավորներին։ «Անվանական դիտողություն անե՞մ...Էդ ի՞նչ ճոխ խոսակցություն է էդտեղ, պարո՛ն Մելիքյան, ի՞նչ ա պատահել»: Ու անգամ առաջին ելույթի ժամանակ ԱԺ նախագահը շարունակում էր սաստել. «Աղմկում եք, աղմկում եք»։ Այսօր ԱԺ-ն շարունակվում էր քննարկել Հանրայի հեռուստաընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթն սկսեց Հանրայինի դրական տեղաշարժի մասին խոսելով. «Սուբյեկտիվ եմ գուցե ասում, բայց բոլոր պատգամավորներն էլ հետեւում են իրենց ելույթների լուսաբանմանը։ Դա նորմալ է։ Պատգամավորները ուզում են իմանան՝ իրանց ելույթները լուսաբանվեցին, թե չէ։ Պետք է ասեմ, որ վերջին ամիսներին Հանրայինի քաղաքականությունը փոխվել է»։ Պարոն Մելքումյանը, սակայն, հավելեց, որ այս փոփոխությունը չի վերբերում լուսաբանման որակին. «Ես գիտեմ լրատվական բաժինը Հ1-ի շատ խիստ վերահսկվում է, բայց դուք պետք է անաչառությունը պահպանեք»։ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը իր ելույթում նախ անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության ֆինանսական հաշվետվությանը ու պահանջեց, որ այն ներկայացնեն ավելի մանրամասն, քանի որ ըստ նրա ծախսերը հստակ չեն։ Հետո արդեն պարոն Մանուկյանը անդրադարձավ բովանդակային հատվածին. «Ձեր գործն է անաչառությունը, բայց դուք դա չեք անում։ Օրինակ` ես, երբեք ձեր եթերում ելույթ չեմ ունեցել։ Հանրապետությունը եռում էր «Դեմ եմ»-ի ակցիաների ժամանակ, իսկ դուք կառավարության պատրաստած հոլովակներն էիք ցուցադրում, թե ինչքան լավն է կուտակային կենսաթոշակային համակարգը՝ եկեք միացեք։ Հիմա մեր հանրահավաքները դուք լուսաբանում ե՞ք»,- վրդովված հայտարարեց ՀԱԿ պատգամավորը։ «Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունեցավ Ռուբիկ Հակոբյանը։ Պատգամավորը նախ առաջարկեց փակել «Խորհրդարանական ժամ» հաղորդումը. «5 խմբակցության անդամներ ելույթ են ունենում ու ասում, որ երկիրը առաջ չի գնում՝ այս օրենքների ու մնացածի պատճառով։ Հետո ելույթ է ունենում մյուս խմբակցության ներկայացուցիչը (նկատի ունի ՀՀԿ-ին) եւ հայտարարում է, որ ամեն ինչ լավա, իրենք շարունակում են աշխատել»։ Պարոն Հակոբյանի կարծիքով սա ծիծաղելի է՝ հենց ժողովրդի համար։ Պարոն Հակոբյանի կարծիքով նոնսենս է, որ հանրապետությունում կուսակցական լրատվամիջոց կա, բայց միեւնույն ժամանակ դա ողջունելի է, քանի որ, եթե չլինեին դրանք, ըստ Ռուբիկ Հակոբյանի՝ ժողովուրդը Հանրային հեռուստաընկերությունից երբեք չէր իմանա, թե խորհրդարանում ինչ է կատարվում, ինչ է քննարկվում։ Կամ մարդիկ ինչու են դուրս եկել բողոքի ակցիայի. «Մի հատ Հանրապետականի նիստ է լինում, մինչեւ վերջ նկարում եք, ցուցադրում եք։ Իսկ մեր հանրահավաքներից ինչի՞ մի բառ չեք տալիս։ Դուք լավ չեք անում։ Դուք արջի ծառայություն եք մատուցում, ինչքան էլ թաքցնեք, արգելված պտուղը քաղցր է, մարդիկ ավելի շատ չեն հավատալու։ Բայց եթե Բաղրամյան 26-ին չլսեք, ամեն ինչ լավ կլինի»։