Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանն անտեսված է (տեսանյութ)

Քաղաքականություն
Aram-Manukyan

«Հանրապետության հայրը»՝ նորագույն Հայաստանի հիմնադիր Արամ Մանուկյանն անտեսված է ՝ ահազանգում են «Զորավար» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և պատմական գիտությունների թեկնածու, «Արամ Մանուկյան» մենագրության հեղինակ Արմեն Ասրյանը։ «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցի խոսքով՝ Արամ Մանուկյանի տունը փլուզման եզրին է. «Այդ տնից մնացել է չորս պատ։ Տանիքը փլված է, պատուհանները ջարդուխուրդ են եղել, իսկ տան ներսում ծառեր են աճում», - տեղեկացրեց նա։ Պատմաբանները պատկան մարմիններից պահանջում են տեր կանգնել արդեն ծանր վիճակում գտնվող Արամ Մանուկյանի տանը: «Տարին հոբելյանական է Արամ Մանուկյանի համար: Արամ Մանուկյանը Հայ ազգային պատմության ամենաառանցքային դեմքերից է: Այս տարի լրանում է նրա 135-ամյակը, որ պետությունը պիտի արժանի կերպով նշեր, բայց չի նշում», - նշեց Տիգրան Պետրոսյանցը։ Վերջինիս ներկայացմամբ՝ իրենք Արամ Մանուկյանի տուն- թանգարան ստեղծելու խնդրանքով մի քանի անգամ դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին և Երևանի քաղաքապետին, սակայն դրական պատասխան չեն ստացել։ Պարոն Պետրոսյանցն ասաց, որ Արամ Մանուկյանի արձանը կանգնեցնելու կապակցությամբ կրկին դիմելու է պետական այրերին։ Պետրոսյանցը նաև նամակ է հղում Հայաստանի կառավարությանը, որտեղ առաջարկվում է ստեղծել Արամ Մանուկյան հուշամեդալ, որը տարին մեկ անգամ կշնորհվի չափազանց արժանավոր հայորդու և կունենա «հանրապետության հայր» մակագրությունը: Ի դեպ, Արամ Մանուկյանի տունը գտնվում է Արամի 9 հասցեում և ըստ Պետրոսյանցի ունեցած տեղեկությունների՝ բանավոր համաձայնությամբ այն վաճառվել է: