Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր իշխանություններին դրսում ոչ ոք լուրջ չի ընդունում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4abcefe74f3f6cb63be72d47687bc2ac

Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցման վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետների ձգձգումը վկայում է այն մասին, որ մեր իշխանություններին դրսում ոչ ոք լուրջ չի ընդունում: Այս համոզմանն է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը. «Առհասարակ կարծես թե գործընթացը որեւէ լուրջ հիմքերի վրա դրված չէ, ու որեւէ մեկը որեւէ ժամկետների մասին տեղյակ չէ: Սերժ Սարգսյանի նշած բոլոր ժամկետները անտեսվեցին, իր գործընկերները պարզապես արհամարհեցին խնդրանքը` մինչեւ հուլիսի 15-ը անդամակցելու»: Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովին ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրման համար Սերժ Սարգսյանը մինչեւ հունիսի 15-ը վերջնաժամկետ խնդրեց: Այնուհետեւ, խոսվեց հուլիսի 1-ի եւ 3-ի մասին: Իսկ Ղազախստանի արտգործնախարարն իր հերթին նոր ժամկետ նշեց` մինչեւ հոկտեմբեր. «Մեր պաշտոնյաներն ինչ-որ բան չեն ասում, այն, ինչ իրենք են պարտավոր տեղեկացնել բնակչությանը իրագործվելիք ծրագրերի մասին: Թերեւս սա ցույց է տալիս, որ իրենք էլ չգիտեն, իրենց էլ լուրջ չեն վերաբերվում գործընկերները դրսում»: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով «Եթե մենք իսկապես այդ տեղեկատվությունը լավ ունենայինք մեր իշխանության կողմից տրված, շատ Վանգայի օրին չէինք ընկնի: Ղազախստանի արտգործնախարարն ով է, որ մենք պիտի բավարարվենք նրա twetter-յան ինչ-որ գրառումով, գրագետ էր, թե անգրագետ էր, դա էլ թողնում եմ հրապարակողների խղճին»: ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը երեկ արդեն ուղարկվել է անդամ 3 երկրներին ու Հայաստանին՝ «ներպետական համաձայնեցման համար», որից հետո միայն հնարավոր կլինի խոսել պայմանագրի ստորագրման օրվա մասին: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը համոզված է` արդեն 2016թ. հունվարի 1-ին ՀՀ-ն կլինի ԵՏՄ անդամ, եւ այս պարագայում մեր իշխանությունների քաղաքական կուրսը ճիշտ է, 2-րդ տարբերակ չունենք. «Ես սկզբից էլ կողմ եմ եղել այն բանին, որովհետեւ առաջիններից մեկն եմ պաշտպանել, նույնիսկ իշխանություններից շուտ, այս տեսակետը: Մենք պետք է ինչքան հնարավոր է շուտ լինենք այդ միության մեջ: Ժամկետները չպետք է մատի փաթաթան դարձնել, ուղղակի պետք է աշխատել, որ նորմալ միանանք, որ երկիրը շահի»: Արդյոք պայմանագրի ստորագրման ձգձգումը պայմանավորվա՞ծ է նաեւ Ադրբեջանի եւ ԼՂՀ հարցի հետ: Վլադիմիր Կարապետյանը նկատում է` մինչ Բաքվում ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն կողմ է Ադրբեջանի անդամակցությանը ԵՏՄ, այս մասին երբեւէ խոսք չի եղել. «Սա հերթական արկածախնդրությունն է, որում մեզ ուզում է քաշել ՀՀԿ-ն, դատապարտելի, ու ես ափսոսում եմ, որ որեւէ պաշտոնյա Արտգործնախարարության մակարդակով չի դատապարտել նման մոտեցումը»: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը հարցնում է. «Դուք տեսնո՞ւմ եք Ադրբեջանն ինչ կատաղի կռիվ է տալիս, որ ՀՀ-ն այդ միության մեջ չլինի: Հիմա հայկական կողմի հարցադրումներն են անհասկանալի` շփոթված երեխայի նման` այդ գործը, որ արել է, ճիշտ է, թե չէ»։ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով` պաշտոնական Երեւանից այլեւս որեւէ բան կախված չէ` միության անդամ մյուս պետությունները կորոշեն` երբ եւ ինչպես ՀՀ-ն կստորագրի եւ կանդամակցի: Նա հիշեցնում է` մինչ այդ, սեպտեմբերին լուրջ ներքաղաքական գործընթացներ են սպասվում` ոչ իշխանական քառյակի հանրահավաք, ներքաղաքական պահանջներ: «Թե մեր բնակչությունն ավելի շատ կենտրոնացված է լինելու այդ զարգացումների վրա, թե Սերժ Սարգսյանի գլուխը խառն է լինելու ներքաղաքական հարցերով ավելի շատ, քան արտաքին քաղաքական հարցերով»,- կանխատեսում է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: