Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն է «միակ տղամարդու» երկնագույն երազանքը

Հարցազրույց
eac133c9adb5c8d8450d205708d992bb

Մեր հարցերին պատասխանում է «Ա1+» ՀԸ նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։

 Ձեր գնահատմամբ՝ հիմնավորվա՞ծ է արդյոք Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը։ Արդյո՞ք այդ երկրի ապագայով մտահոգ մարդու հայտարարություններ են, թե՞...

 Այն, ինչ կատարվում է մեզ մոտ՝ Հայաստանում, նման է սարսափի վարպետ Ալֆրեդ Հիչքոքի մղձավանջային երազին: Անկառավարելի քաոս, որը շուտով կքայքայի այն ամենը, ինչը Հանրապետականների իշխող կուսակցությունն այսօր ևս շարունակում է անվանել ցատկ դեպի «լուսավոր ու պայծառ» ապագա՝ հանուն մեր երեխաների: Այո, ապրում ենք անհեթեթ մի վիճակում, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռևս կարող է թույլ տալ իրեն հայտնվել մեր հասարակության մեջ՝ ամենաազնիվ ու մաքրամաքուր Ձյունանուշիկի սիրված կերպարով: Չգիտես ինչու՝ նա այժմ չի հասկանում, ինչու ոչինչ չստացվեց իր չսիրած Հայաստանում: Չէ՞ որ ժամանակին նա ամեն ինչ արեց, որպեսզի իրենից հետո մնա միայն տափաստան, կենդանի ոչ մի էակ: Իսկ ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը: Ոչ, Սերժը չկարողացավ ավարտին հասցնել Քոչարյանի սկսած գործը: Մարդիկ սկսեցին ավելի ուժգին պաշտպանել իրենց տունը, իրենց քաղաքը, իրենց Հայրենիքը, որն, ի տարբերություն Քոչարյանի, չափազանց շատ են սիրում: Սերժը շփոթված է և ի վիճակի չէ ճզմել մինչև վերջ: Այսօր Քոչարյանը համոզված է. պետք է վերադառնալ, ցնցել բոլորին և յուրացնել վերջին 10 տարվա ընթացքում իր հաջորդողների հափշտակածն էլ: Չէ՞ որ նա «միակ տղամարդն» է այս երկրում, որը ոչ մեկին պետք չէ: Այժմ նա այս մտքով է պառկում քնելու և առավոտյան սառը քրտինքով արթնանում հենց այս մտքով:

 Կարծո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ իշխանություն:

 Ես չեմ կարծում, ես վստահ եմ, որ այդ իր երկնագույն երազանքն է: Հենց այս պատճառով նա սկսեց ակտիվանալ քնքուշ ու հոգատար Ձյունանուշի կերպարով:  Նա սխալվում է՝ մտածելով, որ մարդկանց հիշողությունը կարճ է: Իզու~ր: Բոլորը հիշում են 1998 թվականի ընտրությունները, 1999 թվականի կրակոցները Խորհրդարանում, ժողովրդի համատարած ստորացումը 2000 թվականին,Ազատ խոսքի ճնշումն ու լրիվ վերացումը 2002 թվականին, խաղաղ ցուցարարների ջարդը 2003 թվականին «հրաշալիորեն կազմակերպված» ընտրություններից հետո: Սակայն հատկապես լավ են հիշում 2008 թվականի իրադարձությունները: 2008 թվականի մարտի 1-ը: Գնալիս պետք էր ուժեղ հարվածել դռանը, որպեսզի Սերժն ու մնացածներն իմանան... Չէ՞ որ ժամանակավոր հեռանում էր միակ տղամարդը: Վախեցեք գայլերից ու անտառ մի գնացեք: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այդ ամենի համար: Լևո՞նը: Սե՞րժը: Թե՞ ամեն դեպքում՝ ժողովուրդը: Այ, եթե վերադառնա, անպայման կասի:

 Կարծում եք՝ նա շանսեր չունի՞:

 Իսկ նա երբեք շանսերի հույսին չի մնում: Հիտլերը մի անգամ գրել էր. «Կինը հեշտությամբ է ենթարկվում ուժին, իսկ ժողովուրդը՝ կնոջ պես է ու պատրաստակամորեն ենթարկվում է ուժին»։ Սա այն ուղեցույցն է, որով ապրում է Ռոբերտ Քոչարյանը:

Դա, իհարկե, իր դիրքորոշումն է, սակայն ժողովուրդը, որը զգացել է վերջին 20 տարվա ողջ սարսափը, ոտքի կկանգնի ու կպաշտպանի իր արժանապատվությունը, իր տունը, իր Հայրենիքը: