Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻՊՐՈՍԻՆ ՊԱՐՏՎԵՑ 0:2 ՀԱՇՎՈՎ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց կիպրոսյան մրցաշարում, կրկին 0:2 հաշվով պարտվելով տանտերերին՝ Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստներին: Եթե երեկ մեր թիմը պարտվեց բավական ուժեղ կազմ ունեցող Ռումինիային, ապա այսօր հայ ֆուտբոլիստները պարտվեցին մի հավաքականի, որը ծանր օրեր է ապրում եւ միջին եվրոպական թիմ է համարվում:

Կջպրոս-Հայաստան հանդիպումը անցել է հիմնականում դաշտի տերերի առավելությամբ, որոնք էլ 15-րդ րոպեին Օկկաս Գիանակիսի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը: 61-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Միշել Խրիսոստոմոսը: Հայաստանի հավաքականը հանդես է եկել առանց հիմնական կազմի 5 ֆուտբոլիստների:

Կիպրոսյան մրցաշարը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ քանի դեռ Հայաստանի ազգային հավաքականը մարզում է հոլանդացի մարզիչ Հենկ Վիսմանն, ապա հայ ֆուտբոլիստներից արդյունք ակնկալելն անիմաստ է: Վիսմանի գլխավորությամբ Հայաստանը հաղթել է միայն կիսապրոֆեսիոնալ Անդորրային եւ ընկերական խաղում ոչ-ոքի խաղացել Հորդանանի որ ուժեղ հավաքականի հետ: Մյուս խաղերում Հայաստանը պարտվել է՝ հիմնականում 2 կամ 3 գնդակի տարբերությամբ:

«Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը միանգամից 14 հանդիպում է անցկացնելու, որտեղ մրցելու է բավական լուրջ հավաքականների հետ, ինչպիսիք են Պորտուգալիան, Սերբիան, Լեհաստանը, Բելգիան եւ այլոք: Բացի այդ անչափ սկզբունքային հանդիպումներ են կայանալու Ադրբեջանի հետ: Նման խաղով եւ գլխավոր մարզիչով Հայաստանը ոչինչ չի կարողանա անել ընտրական փուլում եւ կձախողվի, ինչպես դա եղավ 2006թ. աշխարհի առաջնության ժամանակ: