Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ 0:2 ՀԱՇՎՈՎ

Սպորտ

2006թ. մրցաշրջանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտությամբ սկսեց՝ կիպրոսյան ավանդական մրցաշարի առաջին խաղում 0:2 հաշվով պարտվելով Ռումինիայի ընտրանուն:

Առաջին խաղակեսից հետո Հայաստան-Ռումինիա մրցավեճում հաշիվը չէր բացվել եւ թվում էր հայ ֆուտբոլիստները կարող են գոնե ոչ-ոքի ավարտել խաղը: Սակայն 72-րդ րոպեին ռումինացիների խաղացող Վասիլ Մարտֆեյին հաջողվել է գրավել Հայաստանի դարպասը, իսկ հանդիպման ավարտից 3 րոպե առաջ Ռազվան Կոչիշը կրկնապատկել է հաշիվը՝ վերջակետ դնելով այս հանդիպմանը:

Հայաստանի հավաքականն իր պարտությունների զգալի մասը կրել է 0:2 հաշվով՝ հիմնականում գնդակ ընդունելով սեփական դարպասը հանդիպման վերջնամասում: Բացառություն չեղավ նաեւ Ռումինիայի հետ մրցավեճը, որում Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս առանց հիմնական կազմի 3 ֆուտբոլիստների:

Մրցաշարի 2-րդ եւ վերջին խաղում Հայաստանի մրցակիցը կլինեն տանտերերը՝ Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք նվազագույն 0:1 հաշվով պարտվեցին Սլովենիային: «Եվրո-2004»-ի ընտրական փուլում մեր մրցակիցներից Ֆինլանդիան եւ Ղազախստանը կիպրոսյան մրցաշարում հանդիպելով միմյանց հետ հանդիպումն ավարտեցին ոչ-ոքիով: Մեր մեկ այլ մրցակիցը` Ադրբեջանը, այսօր Բաքվում ընկերական խաղում 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը Ուկրաինայի հետ: