Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գետաշենի եղեռնը ապրիլի 31-ին էր

Քաղաքականություն
getashen

23 տարի առաջ այս օրը գետաշենցիները ծնկաչոք դուրս եկան իրենց հայրենի գյուղից։ «Ժողովուրդը անմեղ նստած` oմօնը 200 տանկը վերցրած` եկավ սաղ գյուղը պատեց ու ժողովրդին տուս քիցեց, ծնկաչոք գյուղի միջով քացինք մինչև Հաջի շենին տակը, ծնկաչոք՝ ոչխարի նման, թորքերն էլ ասում ին՝ կակ բառան, վերտալյոտնը մեզ ածեցին տարան Ստեփանակերտ», - Գետաշենի տեղահանության օրերը հիշում է գյուղի բնակչուհի Էռնա Ավագյանը։ 1991 թվականի մայիսը ճակատագրական դարձավ գետաշենցիների համար: Ադրբեջանական զինված կազմավորումները գրոհում էին Արցախի հյուսիսային դարպասը: Ապրիլի 30-ին ադրբեջանական զինված ուժերը խորհրդային բանակի տեխնիկայով ու աջակցությամբ իրականացրեցին Գետաշենի գրավման գործողությունը, և զենքի ու մահվան սպառնալիքի տակ բնակիչներին բռնի ուժով տեղահանեցին։ Անիկ Գյանջումյանը պատմում է, որ բռնագաղթի և գյուղի տեղահանության ժամանակ ազերիները գյուղացիներին խոշտանգումների են ենթարկել. «Վերտալյոտները կաղնած ուժե տուսընք կյալիս, ծերերին, հով վար հիվանդ ար, օրինակ իմ պապայիս թիվանգավը տվել են՝ թա կռացի- պիրցացի, կռացի- պիրցացի»։ Գետաշենի եղեռնը ապրիլի 31-ին էր՝ ասում են գետաշենցիները։ Մեկ օրվա մեջ 20 զոհ տվեցին, ազերիները չխնայեցին անգամ հիվանդներին՝ կացնահարելով անկողնում գամվածներին. «Մելսիկին կացնով կացնահարեցին գյուղի վերևում, ներքևում ՝ Քյամալ ենք ասում նրան սպանեցին իրա հայաթում ու թալանը սկսվեց», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Պապիկ Մալխասյանը։ Թամարա Խաթայանն արցունքն աչքերին է հիշում բռնագաղթի ահասարսուռ օրերն ու թշնամու պատճառած ցավը.«Եղբորս ըռաջիս սպանեցին, դրանից մեծ բան էլ ինչ պիտի կատարեին։ Մեր եկեղեցիները, հիվանդանոցը, մի 30 տուն պաժառ տվին», - ասում է տիկին Թամարան։ Գետաշենցիները, տարիների հեռվից նայելով պայքարին, վստահեցնում են՝ իրենցից կախված ամեն ինչ արել են հաղթելու և Գետաշենը չհանձնելու համար: Մինչև ատամները զինված թշնամու դեմ պայքարել են մեծ թե փոքր, քարով, թե մահակով։ Նրանք համոզված են՝ եթե մեջտեղում չհայտնվեր խորհրդային բանակը, եթե չընկնեին «Գետաշենի արծիվները», գյուղը չէր հանձնվի։ «Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»,- Թաթուլ Կրպեյանի խոսքերն այսօր կրկնում են գետաշենցիները և նշում, որ այդպես էլ եղավ. 1991 թվականի ապրիլի 30-ին, երբ Գետաշենում դրությունն օրհասական էր, «Օղակ» գործողություն ժամանակ ընկավ «Գետաշենի Արծիվը»՝ Թաթուլ Կրպեյանը և դատարկվեց Գետաշենը։ Գետաշենցիները մայիսի 1-ը՝ «Օղակ» գործողության օրը, ապրիլի 31 են անվանում՝ իբրեւ շարունակություն ապրիլյան ողբերգության։