Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱԾՐ ԵՆ

Սպորտ

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը եւ Հայաստանի ազգային հավաքականը, Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ մեկնեց Կիպրոս, որտեղ վաղը կմեկնարկի ավանդական միջազգային մրցաշարը:

Վաղը Երեւանի ժամանակով 17:00-ին Հայաստանը կմրցի Ռումինիայի ազգային հավաքականի հետ: Ըստ նախնական տեղեկությունների` ռումինացիները Կիպրոս են ժամանելու մարտական կազմով: Թիմի գրեթե բոլոր առաջատարները, այդ թվում` Թուրինի «Յուվենթուս»-ում հանդես եկող Ադրիան Մուտուն, պատրաստ են Հայաստանի հետ մրցավեճին:

Իսկ Հայաստանի հավաքականը կադրային որոշ խնդիրներով է մեկնել Կիպրոս: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Էդգար Մանուչարյանը մնացել է «Այաքս»-ում վերականգնվելու համար, իսկ Դոնեցկի «Մետալուրգ»-ում հանդես եկող Եղիշե Մելիքյանը վնասվածք ունի: Անհասնալի պատճառներով Կիպրոս չի մեկնել նաեւ Արտավազդ Քարամյանը, որը հիանալի մարզավիճակում է եւ հաջող է հանդես գալիս Բուխարեստի «Ռապիդ»-ում:

Միջազգային բուքմեյկերական կազմակերպությունների կարծիքով` Ռումինիա-Հայաստան խաղի բացահայտ ֆավորիտները ռումինացիներն են, որոնց հաղթանակի գործակիցը սահմանվել է 1.3 գործակցով: Հայաստանի հաղթանակի գործակիցը կազմել է 8.5, իսկ ոչ-ոքին՝ 4.5:

Առաջիկա օրերին կկայանան մի շարք ընկերական հանդիպումներ: 2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեր մրցակիցներից Ադրբեջանը Բաքվում կմրցի Ուկրաինայի հավաքականի հետ, Սերբիան կհյուրընկալվի Թունիսին: Մեր մրցակիցները` Ֆինլանդիան եւ Ղազախստանը, միմյանց հետ կհանդիպեն կիպրոսյան մրցաշարում: