Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԻ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է իր վստահ մրցելույթները Լինարեսի սուպերմրցաշարում: 7-րդ տուրում Արոնյանը սեւերով պարտության մատնեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին եւ միավորների քանակը հասցրեց 4.5-ի: Այս հաղթանակից հետո հայ շախմատիստը ամրապնդվեց 2-րդ տեղում` առաջատար Լեկոյից հետ մնալով ընդամենը կես միավորով: Ի դեպ, 6-րդ տուրում Արոնյանի եւ Լեկոյի միջեւ կայացած պարտիան ավարտվեց ոչ-ոքիով:

7-րդ տուրում Լեկոն ոչ-ոքի խաղաց արդեն աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովի հետ: Վերջինս 2.5 միավորով ընթանում է նախավերջին` 7-րդ տեղում: Առաջին շրջանը ցույց տվեց, որ Արոնյանը կարող է պայքարել առնվազն մրցանակային տեղի համար, չնայած արդեն հավակնում է նաեւ առաջին հորիզոնականին: Մասնագետների կարծիքով` Արոնյանը Լինարեսում լավ մարզավիճակ է ձեռք բերել եւ բոլոր հնարավորություններն ունի միավորների քանակը կրկնապատկել 2-րդ շրջանում:

Մարտի 3-ին կմեկնարկի մրցաշարի 2-րդ շրջանը, որի առաջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը: Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սպիտակներով պարտության էր մատնել ադրբեջանցի շախմատիստին: