Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Սպորտ

Փետրվարի 17-23-ը Փարիզի մերձակայքում գտնվող Կրեստելում անցկացված հունա- հռոմեկան ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում բավական հաջող են հանդես եկել հայ ըմբիշները: 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, 60կգ. Կարեն Մնացականյանը, 74 կգ Վահրամ Հունանյանը նվաճել են ոսկե մեդալներ, իսկ 66 կգ Արտակ Հարությունյանը, 84 կգ Տիգրան Սահակյանը եւ 96 կգ Ռոբերտ Պետրոսյանը բավարարվել էին բրոնզե մեդալներով:

Այսօր «Միր սպորտա» հանդեսի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ասաց, որ չնայած բարձր արդյունքներին, մեր մարզիկների մոտ դեռ թերություններ կան, որոնք անհրաժեշտ է շտկել մարտին Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար. «Ոչ մի թիմ էլ նման մրցաշարերում չի կարող իրեն բոլոր լավագույն կողմերը ցուցադրել, քանի որ մարզիկները լրջորեն նախապատրաստվում են Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին»:

Այս մրցաշարում մասնակցել են բավական ուժեղ կազմ ունեցող Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի եւ եւս 11 երկրների հավաքականներ: Հայաստանը թիմային հաշվարկով գրավել է 1-ին տեղը, իսկ վերջում ընկերական հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի հետ. «Դեռեւս մրցաշարի առաջ ֆրանսիացիները առաջարկել էին վերջում ընկերական հանդիպում անցկացնել: Այն շատ գեղեցիկ էր կազմակերպված եւ մեր հավաքականը հաղթեց 5:3 հաշվով:

Մերոնցից պարտություն կրեց Կարեն Մնացականյանը, որի մրցամարտում մրցավարները կողմնակալություն արեցին, քանի որ չէին ցանկանում ընկերական խաղում պարտվել: Քանի որ մենք չունեին ծանր քաշային մարզիկ, նրանք առաջարկել էին 96 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանին մրցել նաեւ ծանր քաշայինում:Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ մինչ այդ մրցամարտի հասնելը հաշիվը 5:2 էր հօգուտ մեզ, ուստի հրաժարվեցինք»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու մենք չունենք ծանր քաշային ըմբիշ, Լեւոն Ջուլֆալակայանը պատասխանեց. «Հայաստանում հնարավոր չէ պատրաստել 120կգ քաշային ըմբիշ: Դա շատ ցավոտ հարց է, սակայն կարելի է ասել դա ազգային խնդիր է: Ամեն դեպքում ավելի լավ է մյուս 6-7 քաշային կարգերում լավ ըմբիշներ պատրաստենք եւ այդ մեկում էլ չունենանք մարզիկ»:

Առաջիկայում հունա-հռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմեկնի Իրան, որտեղ կմասնակցի մեկ այլ միջազգային մրցաշարի: Այս անգամ հավաքականում ընդգրկվելու են այն թեկանծուները, որոնք չեն մեկնել Ֆրանսիա: Իրանի մրցաշարից հետո Հայաստանի հավաքականը կնախաՊատրաստվի մարտի վերջերին Մոսկվայում մեկնարկելիք Եվրոպայի 2006թ. առաջնությանը: