Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՄԻՆԱՑԻ ԴԱՐՁՆԵԼ

Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը հիանալի է հանդես գալիս ռումինական «Ռապիդի» կազմում: Քարամյանի ակումբը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է գերմանական «Հերտային» եւ դուրս եկել 1/8-րդ եզրափակիչ: Այս խաղում իրեն լավագույն կողմերով է դրսեւորել Քարամյանը:

Հանդիպումից հետո «Ռապիդի» սեփականատեր եւ Ռումինայի փոխվարչապետ Ջորջե Կոպոսը տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ «Հերտայի» հետ մրցավեճին մարզադաշտում հետեւող երկրի նախագահ Տրայան Բեդեսկուն հիացել է Արտավազդ Քարամյանի խաղով եւ նշել, որ Քարամյանին անհրաժեշտ է Ռումինիայի քաղաքացիություն տալ, որպեսզի նա կարողանա հանդես գալ Ռումինիայի հավաքականում:

Սակայն դա անհնարին է, քանի որ Արտավազդ Քարամյանը մի քանի տասնյակ հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականում եւ, ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության, այլեւս իրավունք չունի հանդես գալ որեւէ այլ երկրի ազգային թիմի կազմում:

Ի դեպ, Արտավազդ Քարամյանով լրջորեն հետաքրքրված է Ռումինիայի ուժեղագույն ակումբը՝ «Ստյաուան»:

Ավելորդ չէ նշել, որ փետրվարի 28-ին Հայաստանի հավաքականը Կիպրոսում մեկնարկելիք միջազգային մրցաշարի շրջանակներում մրցելու է հենց Ռումինիայի հետ, որի դեմ հանդես կգա նաեւ Արտավազդ Քարամյանը: