Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎԱԽԻ ՈՒ ՍԱՐՍԱՓԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԿԱ»

Սպորտ

Վստահեցնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները՝ մեկնաբանելով իրենց արդեն նախկին գործընկեր Սուրեն Բաղդասարյանի արտահայտած այն կարծիքը, թե հայկական ֆուտբոլում այսօր տիրում է վախի ու սարսափի մթնոլորտ:

Ինչպես հայտնի է առաջիկայում Հայաստանի ազգային հավաքականներին կարեւորագույն հանդիպումներ են սպասվում, որոնցում վախի ու սարսափի մթնոլորտում անիմաստ է նախապատրաստվել, ուստի փորձեցինք հետաքրքրվել գործկոմի անդամներից, թե որքանո՞վ է համապատասխանում այն իրականությանը: Նախ փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց Սուրեն Բաղդասարյանից, սակայն նա հրաժարվեց` ասելով հետեւյալը . «Ես որեւէ մեկնաբանություն չեմ տա: Ես այդ թեմային այլեւս չեմ անդրադառնալու: Ես ինչքան գրել եմ հերիք է: Ես արդեն գործ չունեմ ոչ մի բանի հետ»:

Գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը ասաց, որ ամեն մարդ կարող է իր կարծիքը արտահայտել. «Սակայն չկա այդպիսի բան: Սա աշխատավարձով աշխատանք չի, որ վախենաս եւ ընդհանրապես ես նման բան չեմ զգացել»: «Բանանց» ակումբի նախագահ, գործկոմի անդամ Սարգիս Իսրայելյանի կարծիքով` Սուրեն Բաղդասարյանը իրավունք չունի նման բան ասելու.

«Ընդհակառակը շատ նորմալ, գործնական մթնոլորտ է: Ինչ վախի մասին կարելի է խոսել, եթե հայկական ֆուտբոլն այս վիճակում է: Դա իրականությանը չի համապատասխանում»: «Ես այդպիսի մթնոլորտ չեմ զգացել: Իմ նկատմամբ շատ հարգալից են բոլորը այդ թվում նախագահը (Ռուբեն Հայրապետյանը – խմբ.)», - ավելացրեց գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանը: Վերջինիս հետ համամիտ էր նաեւ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր, գործկոմի անդամ Վահրամ Առաքելյանը. «Ընդհակառակը շատ լավ մթոլորտ է տիրում»:

Գործկոմի անդամ Ռուբեն Սինոյանը գործկոմի վերջին նիստին վատառողջության պատճառով չի մասնակցել, սակայն կարծում է, որ մեր ֆուտբոլում նման խնդիր չկա. «Նորմալ աշխատանքային մթնոլորտ է, ով է այդպիսի բան ասում: Նույն Սուրեն Բաղդասարյանը շատ նորմալ աշխատել է, ինչի մասին է խոսքը:»:

Իրավաբան, գործկոմի անդամ Էդիկ Մարգարյանը շատ ավելի մանրամասն խոսեց այս հարցի շուրջ. «Ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Գործկոմի ցանկացած նիստ անցնում է շատ նորմալ պայմաններում: Հարցերը շահագրգիռ քննարկվում են: Գործկոմի համարյա բոլոր անդամները արտահայտվում են: Այդպես չի, որ հարցը բերեն ներկայացնեն եւ միանգամից քվեարկեն կողմ ու անցնեն: Պատահել են դեպքեր, երբ քննարկումից հարցերը հանվել են, որովհետեւ լավ չեն նախապատրաստվել: Մինչեւ քննարկումը, մինչեւ գործկոմ մտնելը անդամների մեծ մասը նախօրոք ստանում են քննարկման նյութերը եւ արդեն քննարկման ժամանակ ներկայացնում են իրենց առաջարկությունները դիտողությունները, առարկությունները: Վախի մթնոլորտ ես ընդհանրապես չեմ զգացել, ընդհակառակը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը իրեն պահում է շատ կոռեկտ, շատ կիրթ: Ճիշտն ասաց, ինձ հետ առանձնազրույցի հետ ժամամակ Սուրեն Բաղդասարյանը ասաց, որ այսպիսի մթնոլորտ է տիրում, ես ասացի` չեմ նկատել այդ, ինքը ասաց դու չես իմանում, ինքը մյուսների հետ է այդպես խոսում, Դուք գործկոմի անդամներ ենք` Ձեզ հետ այդպես չի խոսում»:

Գործկոմի անդամ Արտակ Մնացականյանը անհեթեթություն անվանեց վախի մթնոլորտի մասին հնչեցված կարծիքը. «Ոնց կարող է այնտեղ վախի մթնոլորտ լինել, եթե նախագահից սկսած մինչեւ գործկոմի բոլոր անդամները ցավում են ֆուտբոլի համար»: Պարոն Մնացականյանը նաեւ Սուրեն Բաղդասարյանին խորհուրդ տվեց ոչ թե վախի մթնոլորտի, այլ իր բուքմեյքերական բիզնեսի մասին մտածել:

Գործկոմի 14 անդամներից մյուսների հետ մեզ տարբեր պատճառներով չհաջողվեց խոսել, իսկ Խորեն Հովհաննիսյանը հրաժարվեց մենաբանություն տալ` ասելով, որ պատրաստ չէ: