Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քեսաբի մասին ապատեղեկատվություն՝ հայ օգտատերերի ձեռքով

Քաղաքականություն
save

Տեսանյութը, որում գրոհայինները գնդակահարում են ծնկի իջած տղամարդկանց, յութուբում տեղադրվել է մեկ օր ավելի շուտ, քան Թուրքիայի տարածքից ահաբեկիչները ներխուժեցին Քեսաբ։ Խոսքն այս օրերին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի մասին է։ «Փնտրելով գտա նաև այլ ապացույցներ, որ դա ուրիշ տեղ Ասադի սպայական կազմն է, որին գնդակահարել են»,- «Ա1+»-ին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ այս, ինչպես նաև նման այլ տեսանյութեր ու լուսանկարներ են ֆեյսբուքի հայ օգտատետերն այս օրերին ակտիվ տարածում՝ որպես Քեսաբում հայերի ցեղասպանության ապացույց։ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ օգտատերերը տարածում են առհասարակ «ինչ ձեռքի տակ ընկնում է»։ «Քեսաբի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեսանյութերը տարածելը և Քեսաբում կատարվածը ցեղասպանություն որակելը բերելու է հետևյալին. թուրքերը մի քանի օրից դեմ են տալու, որ հայերը սուտ տեղեկատվությունով աշխարհին լացացնում են, ու նույնն արել են 15 թվի վերաբերյալ։ Մի տարածեք չստուգված նյութեր ու մի անվանեք Քեսաբում կատարվողը ցեղասպանություն»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Մարտիրոսյանը։ samvel martirosyan«Ա1+»-ի հետ զրուցում նա նշեց, որ շատ դժվար է պարզել, թե արդյոք կա՞ն որոշակի ուժեր, որոնք նպատակ ունեն, որ հայերը հենց ցեղասպանություն բառը գործածեն Քեսաբի դեպքում։ «Շատ զգացմունքային թեմա է, միանգամից շատ դաժան կադրեր մտան, մարդիկ չեն կարողանում ինքնուրույն ստուգել (և դա մարդու գործը չի. դա պետք է անեն լրատվամիջոցները)։ Փաստացի այնպես ստացվեց, որ լրատվամիջոցներն էլ ընկան այդ ապատեղեկատվության ձեռքը, և ձնագնդի պես տարածվում է արդեն։ Թելը դժվար է գտնել, թե որտեղից է սկսվել, և երբ կավարտվի այս ամենը»,- ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետը։ Նա հավելեց, որ հենց Երևանում էլ ապրում են քեսաբահայեր, որոնք կապի մեջ են Քեսաբում ապրողների հետ, և հայաստանյան ԶԼՄ-ները Երևանի քեսաբահայերի միջոցով գոնե կարող էին ճշտել, որ Քեսաբում, բարեբախտաբար, զոհեր չկան։ «Թեմա կա, այնպես չէ, որ բան չկա տակը։ Ուղղակի սպանություններ չկան, բարբարոսություններ չկան, ուղղակի համայնքի կործանում է։ Բայց այն, ինչ ներկայացվում է, չկա, բարեբախտաբար»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։ Նրա կարծիքով՝ այս ապատեղեկատվությունը դադարեցնելու գործում պետությունը կարող է դեր ունենալ այնքանով, որ հանդես գա պաշտոնական հայտարարությամբ, որով կեղծ տվյալներից զտի արձանագրված փաստերը։ «Թյուր կարծիք չձևավորվի, որ Քեսաբի դեպքերը ես չեմ համարում ողբերգական։ Հենց քեսաբցիների համար է պետք միայն ճշգրիտ տեղեկատվություն։ Թուրքերին պատասխանատվության բերելու համար պետք է զգոն լինենք»,- ֆեյսբուքյան իր գրառումը եզրափակել է Սամվել Մարտիրոսյանը։