Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորակառույց դպրոց Մարտակերտում

Հասարակություն
dproc2

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայաստանյան գործարար, «Փեթակ» առեւտրի կենտրոնի սեփականատեր Վարուժան Գրիգորյանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում դպրոց է կառուցում: Երկհարկանի դպրոցը նախատեսված է 84 աշակերտի համար: Ամռանն այն շահագործման կհանձնվի, եւ համայնքի շուրջ 40 աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն նորակառույց հաստատությունում: Դպրոցի տնօրեն Իրինա Սեւումյանի խոսքով՝ աշակերտները պարբերաբար մասնակցում են Հայաստանում եւ Արցախում անցկացվող տարբեր օլիմպիադաների եւ, որպես կանոն, բարձր ցուցանիշներով են տուն վերադառնում: «Նոր դպրոցն, ինչ խոսք, կնպաստի, որ երեխաները դպրոց հաճախեն լավ տրամադրությամբ եւ ունենան բարձր առաջադիմություն: Հույս ունենք, որ մեկ-երկու տարի անց կավելանա նաեւ դպրոցում ուսանող աշակերտների թիվը»,- ասում է տնօրենը: Ընթացքում են նորակառույցի ներքին հարդարման աշխատանքները: Կից կառուցվող կաթսայատան շնորհիվ ընդհանուրը 940քմ մակերես ունեցող հաստատությունն ամբողջությամբ կջեռուցվի: Դպրոցը կունենա նաեւ բացօթյա խաղահրապարակ: Չափարն Արցախի հնագույն բնակավայրերից է: Գյուղի պատմամշակութային կոթողներից առավել հայտնի են Հակառակաբերդ ամրոցն ու Կարմիր եկեղեցին: Շնորհիվ Չափարում 2012թ.-ին Հիմնադրամի կառուցած ջրատարի` (շուրջ 4կմ) համայնքի 300-ից ավել բնակիչներն ապահովված են խմելու ջրով: «Հայաստան» համահայկական հիմնադրամ