Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳՐԻՊԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԹՌՉՆԱԳՐԻՊԻՑ»

Մարզեր

Թռչնագրիպի դեմ պայքարի կանխարգելման միջոցառումները Շիրակի մարզում շարունակվում են: Ծրագրի շրջանակներում թռչնագրիպի միջգերատեսչական շտաբի ներկայացուցիչներն այսօր Գյումրիում հանդիպել են տեղի պատասխանատուների եւ սահմանային գյուղերի ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում գյուղատնտեսության փոխնախարար Լեւոն Ռուխկյանը հայտարարել է, թե այս աշխատանքներում կարեւորը համախմբվածությունն է: Գյուղապետերին ներկայացվել է թռչունները պահելու փակ համակարգին անցնելու կարեւորությունը եւ բնակչության իրազեկության անհրաժեշտությունը: Այս նպատակով տրամադրվել են համապատասխան հուշաթերթիկներ` այս անգամ արդեն գունավոր: Շտաբի ներկայացուցիչները նշել են, որ շարունակվելու են ռիսկային խմբերի պատվաստումները: Հերթն հասել է Շիրակի մարզի սահմանային գյուղերի բնակիչներին: Միայն թե, նրանք կպատվաստվեն այն ժամանակ, երբ գրիպի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ ներկրվի Հայաստան եւ տրամադրվի մարզերին:

Իսկ մինչ այդ, պատասխանատուները գյումրեցիներին խորհուրդ տվեցին խուճապի չմատնվել, քանի որ, եթե մինչ օրս թռչնագրիպից աշխարհում մահացել է մոտ 80 մարդ, ապա սովորական գրիպից ու դրանից առաջացած բարդություններից տարեկան 70-100 հազար մարդ է մահանում:

Գյումրիի «Ցայգ» Հ/Ը