Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

208 քվոտա՝ ռուսաստանյան բուհերում սովորելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
f14af2205ac6dcb96cac9fcfc9a216af

2014-2015թթ. ուսումնական տարում ռուսաստանյան բուհերում սովորելու համար Ռուսաստանի կառավարությունը 208 քվոտա է տրամադրել ՀՀ քաղաքացիներին և «ռուսաստանյան հայրենակիցներին»: Այս ծրագիրն իրականացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և «Ռոսսոտրուդնիչեստվոն»: Ծրագրով կարելի է սովորել Ռուսաստանի բուհերի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Այսօրվա ասուլիսում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Մարկ Կալինինը հայտնեց, որ անցյալ տարի հայաստանցի ուսանողներն այս ծրագրով սովորելու են գնացել Ռուսաստանի 70 շրջան, այդ թվում Մոսկվայի և Պետերբուրգի բուհեր: «Ռուսաստանում քիչ չեն մարզային բավականին ուժեղ համալսարանները»,- ասաց Մարկ Կալինինը: Նրա խոսքով՝ որոշ մարզերում, օրինակ՝ Տուլայում և Տամբովում, ավելի ձեռնտու է սովորել, քան, օրինակ, Մոսկվայում և Պետերբուրգում, քանի որ մարզերում ապրանքների գներն ավելի ցածր են, դեպի բուհ ճանապարհը շատ ավելի կարճ է, իսկ կրթության որակը շատ բարձր է: Այս տարի դիմորդը պետք է անկետայում նշի Ռուսաստանի մինչև վեց բուհ, որոնցում ուզում է սովորել: «Մենք հետաքրքրված ենք, որ ընտրական գործընթացը լինի առավելագույնս բաց»,- ասաց Մարկ Կալինինը: Նա տեղեկացրեց, որ այս ծրագրով ընդունված ուսանողների ուսուցումն անվճար է, ուսանողները կստանան կրթաթոշակ: Կալինինի խոսքով՝ այս տարի գործելու է փաստաթղթերի ընդունման միասնական պատուհան: Փաստաթղթերի ընդունմամբ զբաղվող աշխատանքային խումբը ստեղծվել է ՀՀ ԿԳՆ-ի հետ համատեղ: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև մարտի 25-ը ներառյալ ՀՀ ԿԳՆ-ում և Երևանում գտնվող, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում: Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տեղադրված է arm.rs.gov.ru կայքում: «54 48 90 հեռախոսահամարով կարելի է խորհրդատվություն ստանալ»,- տեղեկացրեց Մարկ Կալինինը: Մարտի 27-28-ին կանցկացվի թեստավորում ռուսաց լեզվից, այնուհետև պրոֆիլային առարկաներից, և աշխատանքային խումբը որոշում կընդունի, թե որ դիմորդները կանցնեն ընտրությունը: «Բոլոր գործերը Ռուսաստան կուղարկվեն մինչև ապրիլի 15-ը»,- ասաց Մարկ Կալինինը: Նրա խոսքով՝ ընտրությունն անցնելու առաջին չափանիշը դիմորդի ատեստատի միջին բալն է: «Ուշադրություն ենք դարձնելու, որ լինեն «4»-եր և «5»-եր, չլինեն «3»-ներ»,- ասաց բանախոսը: Հաշվի են առնվելու նաև թեստավորման արդյունքները: Մարկ Կալինինը նշեց, որ ապրիլի 1-5-ը Երևանում, Գյումրիում ու Վանաձորում կանցկացվեն ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադաներ, որոնցում բարձր արդյունքներ գրանցված աշակերտները հնարավորություն կունենան ընդունվել ռուսաստանյան առաջատար բուհեր: Բանախոսն ասաց, որ ամեն տարի Հայաստանին տրամադրվող ուսուցման տեղերի քվոտան լրացվում է 100 տոկոսով: «Մենք հետաքրքրված ենք, որ մրցույթ լինի, յուրաքանչյուր տեղին լինի 3-4 դիմորդ»,- ասաց Կալինինը: Իսկ լրագրողի հարցին, թե յուրաքանչյուր տեղի համար այդքան դիմորդ լինո՞ւմ է, նա կրկնեց, որ իրենք հետարքրքված են, որ լինի: