Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐ

Մարզեր

Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում կան շատ խնդիրներ՝ սկսած տանիքի վերանորոգումից մինչեւ շենքային պայմանների բարելավումը: 1953 թվականին հիմնադրված թանգարանում երբեւէ նորոգում չի իրականացվել: 1993 թվականին միայն «կարկատվել է» տանիքը, իսկ այսօր` յուրաքանչյուր ձնհալի կամ արձրեւի դեպքում, թանգարանի բոլոր սենյակները խոնավանում են, տանիքը կաթում է:

Դա բացասաբար է անդրադառնում թանգարանային եւ պատմամշակութային արժեք ներկայացնող ցուցանմուշների վրա, որոնք պահպանման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ: Թանգարանը չունի նաեւ ջեռուցում, չի գործում սանհանգույցը:

Թանգարանում ներկայումս պահվում եւ ցուցադրվում են 9 000-ից ավելի ցուցանմուշներ, որոնց տարիքը սկսվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակից եւ ձգվում է մինչեւ մեր օրերը: Թանգարանի հիմնական այցելուներն են դպրոցականները, ուսումնական հաստատությունների ուսանողները եւ զբասաշրջիկները: Մատչելիությունն ապահովելու համար մեկ էքսկուրսիան մեկ անձի համար թանգարանը սահմանել է 50 դրամ վճար: Այդ գումարը, բնականաբար չի բավարարում թանգարանի բոլոր խնդիրների ծախսերը հոգալու համար:

Թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանի գնահատմամբ, այսօր մարզային մշակութային օջախները անուշադրության են մատնված: Մշակույթի նախկին երկու նախարարները՝ Թամարա Պողոսյանը եւ Հովիկ Հովեյանը, մարզ կատարած այցելության ժամանակ խոստացել էին «ինչ-որ կերպ» աջակցել թանգարանին, սակայն նրանց պաշտոնավարումը շատ կարճ տեւեց, իսկ աշխատակիցների հույսերը անկատար մնացին:

Գավառի «Քյավառ» հ/ը

ՍԵՎԱՆՈՒՄ ՍԻԳԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ` ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ

Սեւանա լճում շարունակվում է արդյունագործական ձկնորսությունը, չնայած նրան, որ փետրվարի 15-ի դրությամբ սիգի պաշարները կտրուկ կրճատվել են:

Արտոնագրային ձկնորսությամբ զբաղված անձանց ձկնապաշարի սակավությունը քիչ է մտահոգում, քանի որ սիգի գինը շուկայում շարունակում է աճել: Հավաստի աղբյուրների վկայությամբ` վերջին երկու շաբաթների ընթացքում 200-300 գրամանոց սիգի արժեքը բարձրացել է մոտ 100 դրամով` լճափին վաճառվելով արդեն 350-400 դրամով:

Իսկ սիգի որսի ժամանակավոր արգելքի մասին ՀՀ բնապահպանության նախարարի կողմից առայժմ գրավոր հրաման Գեղարքունիքի մարզպետարանում չի ստացվել:

Գավառի «Քյավառ» հ/ը