Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Մարզեր

Լուրեր մարզերից

Գյումրիի երաժշտական դպրոցները հիմնականում ջեռուցվում են հեղուկ վառելանյութով` սոլյարայուղով: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներին վառելանյութի ձեռք բերման համար որոշակի գումար չի հատկացվում: Դպրոցների տնօրենները հարցը կարգավորում են մանկավարժների եւ աշակերտների ծնողների ջանքերով:

Քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արա Պապանյանը սա նորմալ է համարում:

Ավելին, ըստ նրա, կան դպրոցներ, որոնք չեն հասցնում հոգալ անգամ կենսաթոշակային հիմնադրամի ծախսերը, ուստի ջեռուցման խնդիրը պիտի լուծեն երեխաները: Այսինքն երաժշտական դպրոց հաճախող երեխան, բացի վարձավճարից նաեւ պիտի վառելանյութի գումար էլ ունենա: Տարբեր դպրոցներում վարձավճարի չափը տարբեր է: Սակայն ընդհանուր հաշվարկներով, մեկ ամսվա համար ուսուցումն ու վառելիքը միասին 1 աշակերտի համար Գյումրիում մոտավորապես 4000 դրամ արժե:

Գյումրիի երաժշտական դպրոցների եղած խնդիրներին այս տարի ավելացել է եւս մեկը: Տնօրենների պնդմամբ, կենսաթոշակային հիմնադրամին փոխանցվող ամենամսյա գումարների ավելացումը բացասաբար է անդրադառնալու դպրոցների առանց այն էլ ոչ հարուստ բյուջեի վրա: Տուժող կողմն էլի աշակերտները կլինեն: Թիվ 1 երաժշտական դպրոցի բոլոր բաժինների վարձավճարները փետրվարի մեկից ավելացել են հինգ հարյուր դրամով:

Գյումրիի «Ցայգ» հ/ը

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇԱՏ ԽԻՍՏ Է

Այս տարի Գյումրիի գազաֆիկացման եւ գազամատակարարման ներտնային ծառայության կողմից կատարվել է 7 614 ստուգայց, որոնց ընթացքում հայտնաբերվել են ծխատար ուղիների սխալ շահագործման, նեղ խողովակների եւ ինքնաշեն վառարանների օգտագործման դեպքեր: Բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցվել է հաշվիչի, իսկ առավել ռիսկային համարվող բնակարանների գազատար խողովակների զոդման միջոցով: Պատասխանատուները վստահեցնում են, թե բնակիչի կողմից կատարած ցանկացած խախտում չի ներվելու, ու արդյունքում բնակարանի գազամատակարարումը կդադարեցվի:

Գյումրիի «Ցայգ» հ/ը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ՄԻՆՉԵՒ «ՍԵՒԱՆԻ ՁՄԵՌ»

Մինչ Թուրինում ընթանում են օլիմպիական խաղերը՝ գրավելով միլիոնավոր մարզասերների ուշադրությունը, Սեւանում էլ փետրվարի 19-ին կայանալու է «Սեւանի Ձմեռ» մարզական տոնակատարությունը: Այն հավակնում է դառնալ քաղաքի մարզական կյանքի աչքի ընկնող իրադարձություններից մեկը:

Մասնակիցներին խրախուսելու նպատակով կազմակերպիչը՝ Սեւանի քաղաքապետարանը, պատրաստել է հուշանվերներ եւ մրցանակներ: Տարբեր մարզաձեւերում իրենց ուժերը չափող մասնակիցները հիմնականում հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցի սաներն են լինելու:

Սեւանի «STV1» հ/ը