Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ գնաճ է մեզ սպասվում. որքա՞ն կբարձրանան մաքսատուրքերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
f0e7d21bbde5753c5cbe2939b4e7e80a

7-8 տարի է` ՀՀ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, եւ մենք ձեւավորել ենք ազատական տնտեսություն, իսկ մաքսատուրքերն էլ խիստ ներդաշնակ են եղել: Այժմ մեր երկիրը եվրոպական այս չափանիշներով մտնում է Մաքսային միություն` շատ հարցերում արմատական տարբերությամբ: Ի՞նչ է սպասվում մեզ, որքա՞ն կբարձրանան մեր մաքսատուրքերը: ՄՄ-ն մեր ճակատագիրն է, ու եթե 3-4 տարի առաջ լինեինք այս միության անդամ, երբ այն նոր էր ձեւավորվում, մեր շահերն ավելի լավ կպաշտպանեինք: Այս համոզմանն է Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որը մեկ ամսից ավելի է` գործարարների հետ մասնակցում է քննարկումների` որ ապրանքատեսակների կամ հումքի մաքսատուրքը պահպանել կամ փոփոխել ՄՄ անդամակցությունից հետո: Ըստ նրա` ամեն ինչ պետք է անել, որպեսզի առաջիկա 3-5 տարվա ընթացքում մեծ փոփոխություններ չլինեն. «Ես հույս ունեմ, որ բալանսով մենք պետք է դրական դուրս գանք, որոշ ապրանքատեսակներից մենք նույնիսկ օգտվելու ենք, իջնելու է, որոշ դրույքաչափեր չեն մնալու նույնը: Սա մեր շուկան պետք է հասկանա»:   ՀՀ-ն ունի 12 հազար անուն ապրանքատեսակ, որոնցից 600-ի մաքսատուրքերի շուրջ պետք է սկսվեն բանակցությունները. «Նույնիսկ մենք մեր գործընկերներին ասում ենք` եթե դուք որոշ ներդրումներ ունեք անելու, արեք այս կես տարվա ընթացքում, որպեսզի նույնիսկ եթե չհաջողվի այդ բանակցային պրոցեսում այդ դրույքաչափերը պահպանել, դուք գոնե մեկ տարվա քայլի տեղ ունենաք»։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի` ՄՄ անդամակցումից հետո ՀՀ-ում դեղամիջոցները 8-10 տոկոսով կթանկանան: Այս տոկոսադրույքը գործում է Միության անդամ երկրներում, մինչդեռ ՀՀ ներկրվող 45000 անուն դեղերն ազատված էին մաքսատուրքից: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը չկարողացավ կոնկրետ որեւէ բան ասել` նշելով, որ դեռ քննարկում են, ու կա հնարավորություն պահպանել նախկին դրույքաչափերը. «Խոսքը վերաբերում է բոլոր դեղորայքներին, հատուկ ցանկով չենք աշխատում: Կտեսնենք` ինչպես է նպատակահարմար, ու ընդհանրապես ինչպես է ընդունված միության կազմում, այդպես կորոշենք: Հնարավոր է՝ պահենք զրոյական մակարդակի վրա»: Առաջին անհրաժեշտության ապրանքներից շաքարավազի ներկրման 1 տոննան արժեր 60-65 դոլար, իսկ ՄՄ-ում այն կդառնա 250 դոլար: Ինչ միջոցառումներ կձեռնարկի ՏՄՊՊՀ-ն այս ուղղությամբ կամ արդյոք սա չի՞ բերի մրցունակության անկման. «Ամբողջ աշխարհում, երբ որ գները բարձրանում են, դա դրական ազդեցություն ունի մրցակցության վրա, քանի որ դա շահագրգռում է տնտեսվարողներին զբաղվել բիզնեսով: Մրցակցության վրա ազդում են ցածր, դեմպինգային գները, տնտեսվարողները ցածր գներ առաջարկելով այդ մրցակիցներին դուրս են հանում: Բարձր գների առկայությունը նպաստում է, որ ավելի շատ տնտեսվարողներ տվյալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն»: Ի դեպ, 2 օր առաջ հաշված րոպեների ընթացքում ՄՄ անդամ Ղազախստանի ազգային արժույթի փոխարժեքը ընկել է մոտ 20 %-ով, քանի որ երկրի Ազգային բանկը որոշել էր ազգային արժույթի փոխարժեքը պահպանել 150-155 տենգե՝ մեկ դոլարի դիմաց: Սա արդեն իսկ կործանարար հետեւանք ունեցավ տնտեսության վրա: Արդյոք այս հանգամանքը տագնապալի չէ՞ ՀՀ տնտեսության ապագայի համար, քանի որ մեր ԿԲ-ն դեռ 2009թ. հրաժարվեց ֆիքսված փոխարժեքից եւ անցավ լողացող համակարգին։ Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը խորապես համոզված է՝ «եթե ՀՀ-ն ընդգրկված լիներ ԵՄ կազմավորման մեջ, էլի կգնային նման տենդենցներ` համադրելով դրամը եվրոյի հետ: Շատ ճիշտ կլինի, եթե մենք խոսենք նրա մասին, թե ինչպես մենք ընդգրկվենք՝ թե պահել կլինի, թե մի քիչ կբարձրանա, թե մի քիչ կիջնի, կտեսնենք»: