Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում երեխաների սնուցման վատթարացում է գրանցվել

Քաղաքականություն
unisef

Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը ստորագրեցին երկամյա ծրագրի համագործակցության համաձայնագիր, որը կօգնի բարելավել Հայաստանի 0-5 տարեկան երեխաների առողջությունն ու սնուցումը: Վերջին Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը (ԺԱՀՀ) Հայաստանի երեխաների սնուցման կարգավիճակի վատթարացման միտում բացահայտեց: Համաձայն ԺԱՀՀ-ի` հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաների 19%-ը «թերաճ» է մայրերի կողմից սխալ կերակրման սովորույթների պատճառով: Նորածինների և փոքր երեխաների առողջությունը կախված է լավ սնուցումից: Թերսնուցումը ավելացնում է ինֆեկցիոն հիվանդություններից մահացության վտանգը, ինչպես նաև խաթարում է ֆիզիկական և մտավոր զարգացումը: Հանրային առողջության այս խնդրին առճակատելու համար ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը կաշխատի ՀՀ Առողջապահության նախարարության և Ուորլդ Վիժն կազմակերպության հետ` Հայաստանին օժանդակելով երկրում մոր և մանկան առողջության հարցերի շուրջ: Հատկապես կարևորվելու են նորածինների և փոքր երեխաների սնուցումը, ինչպես նաև վիտամինների և հանքային նյութերի անբավարարության կանխարգելումը երեխաների սննդակարգում: Ծրագիրը կերակրման ճիշտ գործելակերպի վերաբերյալ կրթություն կապահովի և տեղական բուժհաստատություններին կաջակցի ամբողջ երկրում, ներառյալ գյուղական բնակավայրերում, երեխաների առողջության և սնուցման հետ կապված որակյալ ծառայություններ տրամադրել: Գործընկերները նաև կանդրադառնան համայնքային, մարզային և ազգային մակարդակով սնուցման մոնիտորինգի և գնահատման համակարգին, ինչպես նաև կաշխատեն բարելավել ընտանիքի և համայնքի իրազեկությունը երեխաների խնամքի, սնուցման գործելակերպի, երեխաների աճի և զարգացման վերաբերյալ` սնուցմանն առնչվող խնդիրների վաղ բացահայտումը դյուրին դարձնելու համար: Այս նախաձեռնությունը սուր թերսնուցման կանխարգելմանն ու բուժմանն ուղղված համապարփակ ծրագրի մաս է հանդիսանում: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը երեխայի առաջին 1000 օրերի ընթացքում, որը ներառում է հղիությունն ու կյանքի առաջին երկու տարիները: Առաջին 1000 օրվա ընթացքում պատշաճ սնուցումը հսկայական ազդեցություն կարող է ունենալ երեխայի աճի և ուսման կարողությունների վրա: Այն նաև կարող է խորը ազդեցություն թողնել համայնքների և երկրների երկարաժամկետ առողջության, կայունության և զարգացման վրա: ՅՈՒՆԻՍԵՖ