Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վաճառվում է», «տրվում է վարձով». կրպակ կա՝ առեւտուր չկա (տեսանյութ)

Հասարակություն
12

Բյուրեղավանում  շատ են փակված, լքված և «վաճառվում է», «տրվում է վարձով» գրությամբ կրպակներն ու խանութները: Խանութը, որտեղ արդեն 17 տարի աշխատում է Վարսենիկ Բաբասյանը, ևս վաճառվում է: Սակայն տիկին Վարսենիկը մեծ հույսեր չունի, որ գնորդ կգտնվի. ի՞նչ իմաստ ունի իրենց և հարևան տարածքները գնելը, ներդրում անելն ու խանութ բացելը, եթե առևտուր չկա` հարցնում է նա: «Առնող էլ չկա: Երևի մի տարի կլինի, բայց ոչ էլ հարցնող կա»,- «Ա1+»-ին ասում է Վարսենիկ Բաբասյանը: Խանութը պատկանում է տիկին Վարսենիկի ամուսնուն: Երբ խանութը նոր էին բացել, առևտուրն աշխույժ էր, բայց վերջին տարիներին գնորդները զգալիորեն պակասել են: Շատ բյուրեղավանցիներ էլ նախընտրում են գնումներ անել քաղաքի մեծ խանութներից: Վարսենիկը սկզբում մթերք էր վաճառում, բայց գնորդների պակասի պատճառով որոշեց շուտ փչացող մթերքի փոխարեն սպասք վաճառել: Ասում է, որ օր կա՝ վաճառվում է 1000 դրամի ապրանք, օր կա՝ 3000, բայց մեր այցելության օրը նա ոչինչ չէր վաճառել: «Հիմա, որ աշխատատեղ լինի, ես ավելի լավ է գնամ աշխատեմ, քան էստեղ նստեմ ամբողջ օրը»,- ասում է Վարսենիկ Բաբասյանը: Տիկին Վարսենիկի ամուսինը զոդող է, և երբ աշխատանք է լինում, անում է: Վեց հոգուց բաղկացած նրանց ընտանիքում ուրիշ աշխատողներ չկան: Բյուրեղավանի մեկ այլ բնակիչ՝ 80-ամյա Մնացական Պողոսյանը, ևս չի բացառում, որ գարնանը կարող է փակել իր կրպակը: Մնացական Պողոսյանն ամբողջ կյանքում շինարարություն է արել քաղաքում, իսկ վերջին 10 տարում այս փոքրիկ կրպակն է աշխատեցնում: Մնացական Պողոսյանն ու իր կինն ապրում են թոշակով և կրպակից ստացած եկամտով: «Օր է լինում, ապրում ենք, օր է լինում, չենք ապրում, նալոգները տալում ենք: Հարյուր տոկոսանոց՝ չէ, բայց հացի փող անում է»,- պատմում է Մնացական Պողոսյանը: Տարեց բյուրեղավանցու կրպակում վաճառվում են սուրճ, ծխախոտ, աղ: Տետրում գրված են կրպակից ապառիկ գնում արած բյուրեղավանցիների անունները: Հաճախ լինում է, որ գնորդները հետո էլ չեն կարողանում վճարել գումարը: «Գալում են, տանում են մի բան, մարդ է, չի ստացվում, չեն բերում: Չներեք, ի՞նչ: Ներել էլ է պետք»,- ասում է Մնացական Պողոսյանը: Կրպակատիրոջ խոսքով` եթե բանկում իր ներդրած ավանդները վերադարձնեին, ապա կրպակը բացելու կարիք չէր լինի: Նա առաջնային է համարում Բյուրեղավանում աշխատատեղերի ստեղծումը: Հիշում է, թե նախկինում որքան շատ գործարաններ կային քաղաքում: Հիմա, ասում է, դրանք քարուքանդ են, շատ մարդիկ հեռացել են քաղաքից: Իսկ Վարսենիկ Բաբասյանը գոհունակությամբ է նշում, որ Բյուրեղավանում լուսավորության ու շուրջօրյա ջրամատակարարման հարցերն արդեն լուծվել են: