Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

Մարզեր

Հանրապետական առարկայական օլիմպիադայի տարածաշրջանային փուլին 14 առարկաներից այս տարի Սիսիան քաղաքից եւ գյուղական համայնքներից մասնակցեց 808 աշակերտ:

Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ, օլիմպիադայի անցկացման պատասխանատու Սիլվա Վարդազարյանը կարեւորում է երեխաների համար հավասար պայմանների ապահովումը: Ըստ կրթության բաժնի առաջատար մասնագետի անցած տարի 22 սիսիանցիներ մարզային օլիմպիադայում մրցանակային տեղեր են զբաղեցրել: Օլիմպիադայի ընթացքին հետեւել է նաեւ Սիսիանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը, նա ողջունելի է համարում այն, որ օլիմպիադային ակտիվ մասնակցություն են ցուցաբերում գյուղական համայնքների երեխաները եւ դրանց թիվը տարեցտարի ավելանում է:

Հանրապետական առարկայական օլիմպիադայի տարածաշրջանային փուլի նախնական արդյունքները, ըստ մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչ Խաչիկ Խաչումյանի, գոհացուցիչ են: Բարձր առաջադիմությամբ աչքի են ընկել հատկապես քաղաքի դպրոցների աշակերտները: Օրինակ, թիվ 1 միջնակարգ դպրոցի` նախորդ տարի բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտուհի Սոսե Ստեփանյանն այս տարի եւս զբաղեցրել է մրցանակային տեղեր մի քանի առարկաներից: Գյուղական համայնքներից աչքի են ընկել Լծենը, Ույծը, Գորայքը, Նորավանն ու Աշոտավանը:

Գյուղական դպրոցների աշակերտները մրցանակային տեղեր են գրավել հատկապես մաթեմատիկա, աշխարհագրություն, քիմիա առարկաներից: Լծենի դպրոցը ներկայացնող ութերորդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հայրապետյանը 18.5 միավորով մաթեմատիկա առարկայից գրավել է առաջին տեղը, իսկ հայոց լեզվից` երրորդ: Նույն հաջողությունն ունեցել է նաեւ անցած տարի` առաջին տեղի արժանանալով մարզային փուլում, իսկ հանրապետականում` գովասանագրի: Օլիմպիադայի տարածաշրջանային փուլի վերջնական արդյունքները պարզ կլինեն 2 օրից: Մարզային փուլը կկայանա մարտին:

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԹՌՉՆԱԳՐԻՊԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ

Թեեւ Սյունիքի մարզի ջրամբարներում այս պահին կան շատ ջրլող թռչուններ, թռչնագրիպի վտանգի հավանականությունը կմեծանա միայն այն ժամանակ, երբ վերադառնան չվող թռչունները: Իսկ մինչ այդ Սիսիանի որսորդմիության նախագահ Մամիկոն Պետրոսյանի հավաստմամբ հիվանդության տարածման վտանգ Սիսիանում չկա:

Մամիկոն Պետրոսյանի խոսքով իրենք վերահսկողական աշխատանքներ տանում են միայն Որոտան գետի շրջակայքում, իսկ ջրամբարների վերահսկողությունը հանձնված է Եղեգնաձորին:

Որսի շրջանը յուրաքանչյուր տարի սկսվում է օգոստոսի 20-ին եւ տեւում է մինչեւ դեկտեմբերի 31-ը: Որս իրականացվում է միայն որսորդմիության իմացությամբ եւ թույլտվությամբ, հավաստիացնում է նախագահը: Գրանցված որսագողերին Սիսիանի որսորդմիությունը միայն ակտավորում է, իսկ պատիժն իրականացվում է մարզային կառույցի կողմից:

Սիսիանի «Սյունի» հ/ը