Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ավելի ազատ ենք, քան ՌԴ-ն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
press

Մեր իշխանությունն էլ ռուսականի նման հանգիստ չի լսի այն հարցը, թե կարելի՞ է հանուն Հայաստանի բարեկեցության Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Բայց դա չի նշանակում, որ հայ լրագրողը չի կարող նման հարց հնչեցնել: Ռուսաստանում Լենինգրադի բնակիչների փրկության համար քաղաքը ֆաշիստներին հանձնելու հավանականության մասին հարցը հունից հանել է Ռուսաստանի իշխանություններին, նրանք եթերազրկում են այդ հարցը հնչեցրած «Դոժդ» հեռուստաընկերությանը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է. «Խոսքի ազատության ոլորտում ԶԼՄ-ների գործունեության ոլորտում մեզ մոտ շատ ավելի լավ է, քան նույն Ռուսաստանում, չեմ խոսում Բելառուսի մասին, Ղազախստանի մասին»: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Մանանա Ասլամազյանը երկար տարիներ աշխատել է ռուսական մեդիադաշտում: Ասում է, որ «Դոժդը», միգուցե էթիկապես ճիշտ չի ձեւակերպել հարցը, բայց ռուսական իշխանությունները վաղուց էին երազում ազատվել նրանից. «Ժուռնալիստը պարտավոր է տալ սուր հարցեր, որովհետեւ սուր հարցը թույլ է տալիս հասկանալ մարդու վերաբերմունքը»։ Տիկին Ասլամազյանը «Դոժդի» եթերազրկումը համարում է քաղաքական քայլ, ռուսական օրենսդրությունը չունի ըմբոստ հեռուստաընկերության հետ հարաբերվելու այլ մեխանիզմ. «Օրենքների միջոցով ինֆորմացիան վերահսկելու պետության ջանքերի վրա ազդում է մի քանի գործոն` քաղաքացիական հասարակությունը, տեխնոլոգիաների զարգացումը, բիզնեսը»: Ըստ մեդիափորձագետի, հազիվ թե Մաքսային եւ հետագայում Եվրասիական միությանը միանալուց հետո Հայաստանը գնա Ռուսաստանի ճանապարհով ու սկսի հեռուստաընկերություններ վերացնել, թեպետ ձգտումը կլինի։ Մենք տեխնոլոգիապես ավելի լավ վիճակում ենք, բայց մեր հեռուստաընկերություններին խեղճացնում է տնտեսական վիճակը. «Չափազանց շատ են ԶԼՄ-ները, բայց շատ քիչ են գովազդները, որովհետեւ էկոնոմիկան փոքր է, փողը չի հերիքում, որ մեդիան զարգանա»: Արմինե Օհանյանն ուղղակի հույս ունի, որ «Ա1+»-ի եթերազրկում տեսած Հայաստանը կխուսափի Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի մեդիադաշտի ճակատագրից, թեպետ իշխանությունների ախորժակը նրան տեսանելի է. «Մեր հասարակությունն առողջ է, ավելի պայքարող է»։ Լրատվամիջոցի ղեկավարին մխիթարում է այն, որ ինքնին Մաքսային եւ Եվրասիական միությունների ապագան է մշուշոտ. «Ռուսաստանը մեզ շատ խանգարեց, շատ վնասեց, շատ շեղեց մեր բռնած ճանապարհից, բայց ես կարծում եմ, որ այս Մաքսային միությունը եւ Եվրասիական միությունը իրականում միֆ են, լեգենդ, որն իրականություն չի դառնալու»։ Տիկին Օհանյանը նկատում է, որ մեզ մոտ էլ կան զգայուն թեմաներ, բայց արգելված թեմաներ չկան։ Խնդիրն այն է, որ Մաքսային միությունն ընտրելով Հայաստանը ցույց տվեց իր արժեքային ընտրությունը, ինչը անկասկած իր հետեւանքները կունենա մեդիադաշտի ապագայի վրա։