2 ամիսների կուտակայինը հնարավոր է չգանձվի (տեսանյութ)

Պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ 2 ամսից, երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքը սահմանադրական է և այն կրկին ուժի մեջ մտնի, քաղաքացիներից պահանջեն այդ 2 ամսվա գումարները, ԲՀԿ անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը մասնավորապես նշեց. «Սահմանադրական դատարանը կասեցրել է անհատի պարտադրանքի կետը:

Դա այն կետն է, որը պարտադրում է անհատին ընտրել ֆոնդի կառավարիչ: Եթե նույնիսկ այնպես լինի, որ օրենքը ընդհանուր չկասեցնեն, սահմանադրական դատարանը այդ կետերում լուծում է առաջարկելու, որպեսզի չպարտադրեն մարդկանց, այլ մարդիկ իրենց կամքով ընտրեն ֆոնդի կառավարիչ»:

Պարոն Մելքումյանը նաև շեշտեց, որ Սահմանադրական դատարանը կասեցրած մյուս կետով քաղաքացիների չվճարելու դեպքում տույժ չի կիրառի և դա հաշվի առնելով անցած ամիսների համար խնդիր չի լինի. «Մի լուծում կգտնեն»:

Միքայել Մելքումյանը նաև հավելեց, որ կուտակայինի այդ գումարները, որտեղ որ պետք է ներդրվեն, շատ ռիսկային են. «Դա շահութաբեր չէ Հայաստանի համար, քանի որ գումարների մեծ մասը դուրս է գնալու, որպեսզի մեզ 25 տարի հետ թոշակ տան»: Պարոն Մելքումյանը նաև հավելեց, որ հանրային ռեֆորմները պետք է ունենան հանրային մեծ աջակցություն: