Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը հարց ունի Եվրախորհրդի նախագահին

Քաղաքականություն
1c70e15b71b9ad283f9c7324fbb9eafd

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Այս հարցը նախօրեին ԵԽԽՎ-ում բարձրացրել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Եվրոպայի՝ Ռասիզմի եւ Անհանդուրժողականության դեմ պայքարի կոմիտեն Եվրոպայի խորհրդին եւ եվրոպական կառույցներին ունի էսպիսի մի առաջարկ. Քրեական պատասխանատվության ենթարկել այն լիդերներին, քաղաքական գործիչներին, ովքեր իրենց ելույթներում ռասիզմ, անհանդուրժողականություն են քարոզում։ Գաղտնիք չէ, որ այսօր Եվրոպայի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներից մեկը հենց ռասիզմը եւ անհանդուրժողականությունն է, եւ բնականաբար ես կոչ արեցի ԵԽԽՎ-ին առաջնորդվել ռասիզմի եւ անհանդուրժողականության կոմիտեի առաջարկով եւ ցույց տալ, որ եվրոպական կառույցները ոչ թե կոչված են դեկլարատիվ հայտարարություններ անելու, այլ ունակ են կոնկրետ քայլ անելու: Կոնկրետ քայլ կարող է լինել, եթե օրինակ մեր կառույցը հիմք ընդուներ վերը նշված կոմիտեի առաջարկությամբ եւ պատասխանատվության կանչեր Ադրբեջանի նախագահին, իսկ փաստերը բազմաթիվ են»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենց այս նստաշրջանին բաժանել են կրծքանշաններ՝ «Ոչ ատելություն, ռասիզմ քարոզող ելույթներին»։ Նա բազմաթիվ օրինակներ է բերել ադրբեջանական դասագրքերում առկա հայատյացության մասին, մասնավորապես, ադրբեջանուհի Մարիամ Յունեշլիի նամակը, որտեղ ասվում է, որ ինքը վախենում է իր երեխայի ապագայի համար՝ նայելով ադրբեջանական դասագրքերը, որտեղ հայատյացությունը հիմնական գաղափարախոսությունն է։ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ադրբեջանական պատվիրակության ընդվզման պատճառ է դարձել. «Ադրբեջանական պատվիրակությունը հայտարարել է, որ պետք չէ հիմք ընդունել իմ ասածները, որովհետեւ ես հայտնի եմ իմ հակաադրբեջանական գործունեությամբ։ Իսկ եվրոպական իմ գործընկերներն ասացին, որ եթե չեն պատժվում նման ելույթ ունեցողները, ապա Եվրոպան կանգնում է իրապես անհանդուրժողականության, ռասիզմի եւ այլատյացության առջեւ»։ Այսօր տիկին Զոհրաբյանը հարց է ուղղելու Եվրախորհրդի նախագահ Մարտին Շութերին՝ կապված 2011թ. ապրիլի 7-ին Եվրախորհրդի ընդունած բանաձեւի հետ. «Բանաձեւում կոչ է արվում Եվրոպական միության կառույցներին հարաբերություններ հաստատել չճանաչված պետությունների քաղաքացիական հասարակությունների հետ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի։ Ես հիմա պետք է հարցնեմ, թե ինչու Եվրոպական միության կառույցները քայլեր չեն ձեռնարկում Եվրոպառլամենտի բանաձեւն ի կատար ածելու համար»,-նշում է Նաիրա Զոհրաբյանը։