Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաներին կմոտեցնեն հայկական տոնին (տեսանյութ)

Հասարակություն
igityan1

Գեղագիտության ազգային կենտրոն է հաճախում մոտ 650 երեխա: Սոնա Բանոյանը կենտրոնում դասավանդում է արդեն 30 տարի: Կենտրոնի գոբելենի և բատիկի արվեստանոցի ղեկավարն է: Ասում է, որ այն էներգիան, որը տալիս է երեխաներին, անպայման հետ է ստանում: Երեխան ինքն է որոշում, թե քանի տարի հաճախի կենտրոն: Ոմանք հաճախում են նույնիսկ 10 տարի: «Ես երեխաներ ունեմ, որոնց հետ մինչև հիմա կապ ունեմ: Հպարտանում եմ ուղղակի, էնքան ուրախ եմ, որ իրենք կան,- ասում է Սոնա Բանոյանը և հավելում,- Մենք ֆենոմենալ սերունդ և գենետիկա ունենք: Շատ տաղանդավոր են մեր երեխաները»: Սոնա Բանոյանը երեխաների ձևավորման մեջ շատ կարևորում է մշակութային հաստատությունների դերը: Այժմ Գեղագիտության ազգային կենտրոնի աշակերտները պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսին: Ծրագրի նպատակն է Սուրբ Վալենտինի տոնի փոխարեն երեխաներին ավելի մոտեցնել հայկական տոնին: Ցուցահանդեսը բացվելու է կենտրոնի Մանկական պատկերասրահում, որտեղ երեխաների աշխատանքները հաճախ են ցուցադրվում: Մեր այցի ժամանակ գոբելենի և բատիկի արվեստանոցի երեխաները նկարում էին, որ հետո իրենց նկարներն իրականացնեն նյութի վրա: Էրիկան թելերով վերարտադրում էր իր նկարած պատկերը: Սոնա Բանոյանի խոսքով՝ եթե երեխան միայնակ պատրաստի այդ գոբելենը միայն դասաժամերին, ապա կարող է տևել մոտ 2 տարի: Ուստի, ուսուցիչը պատրաստվում է օգնել Էրիկային վերջացնել աշխատանքը: Սոնա Բանոյանի խոսքով՝ գոբելեն գործելը շատ աշխատատար ու ժամանակատար է, և երեխաները դառնում են համբերատար, կենտրոնանում: Սուրբ Սարգսի տոնակատարության ցուցահանդեսին էին պատրաստվում նաև քանդակագործության արվեստանոցի աշակերտները: Նրանք նկարում էին Սուրբ Սարգսին, նրա 14 զորավարներին ու 4 հրեշտակներին, որոնց քանդակները ևս պատրաստել էին: Գևորգ Թադևոսյանն այս արվեստանոցում դասավանդում է և նկարչություն, և քանդակագործություն: «Քանդակն առանց նկարչության հնարավոր չէ»,- ասում է նա: Գեղագիտության ազգային կենտրոնում գործող բոլոր արվեստանոցների հիմքում նկարչությունն է, առանց որի՝ երեխաները չեն կարող անել ոչինչ: Բացի դրանից՝ հանրակրթական դպրոցի 1-5-րդ դասարանների աշակերտները կենտրոնում պարտադիր սովորում են ազգագրություն, իսկ 5-10-րդ դասարանի աշակերտները՝ արվեստի պատմություն: Կենտրոն են հաճախում 5-17 տարեկան երեխաներ: Սոնա Բանոյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաները շատ են ծանրաբեռնված դպրոցի դասերով և ավելի քիչ ժամանակ են կարողանում հատկացնել կենտրոնին: Գեղագիտության ազգային կենտրոնը  ստեղծվել է 1980թ. արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ջանքերով: Կենտրոնում գործում են Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջը` իր 11 արվեստանոցով, «Ծաղկի» թատրոնը հայտնի է նաև որպես «Փոքր Թատրոն», Ֆիլհարմոնիայի մասնաճյուղը, «Մետրո» թատրոնը և Ազգային նվագարանների յոթամյա երաժշտական դպրոցը: