Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Բլեյան. «Տարկետումը մեծահարուստների, պաշտոնյաների համար է»

Հասարակություն
02cc0f96141bb26cfda8b029a3563be0

«18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության արական սեռի բոլոր քաղաքացիները, ովքեր առողջության հետ կապված խնդիր չունեն, իրենց սահմանադրական անօտարելի պարտքը պետք է կատարեն՝ պետք է գնան ծառայեն»,- այսօր «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին Կառավարության հավանության արժանացնելու փաստին «Ա1+»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Հիշեցնենք, որ փոփոխության արդյունքում վերացվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների տարկետման իրավունքը, և տարկետում կարող է տրվել միայն հատուկ դեպքերում։ Պարոն Բլեյանը միանշանակ կողմ է այս օրինագծին և դրական վերաբերմունք ունի դրա նկատմամբ։ Ըստ նրա՝ տարկետումը խտրականություն, կոռուպցիա և բանակից խուսափելու միջոց է։ «Քանի որ այժմ զինծառայությունը պարտադիր է, և բանակն ամբողջությամբ պայմանագրայինի չի վերածվել կամ ժամկետային զինծառայությունը 1 տարի չեն դարձրել, ուրեմն պետք է հավասար լինի յուրաքանչյուրի համար, և չպետք է որոշ մարդիկ ծանոթով մի քանի բալ բարձր ստանան և խուսափեն ժամկետային զինծառայությունից»։ Դիտարկմանը, թե տեղեկություններ կային, որ սկզբում որոշված էր գրեթե ամբողջությամբ վերացնել տեղական բուհերում սովորողների տարկետումը, սակայն Հայաստանի բուհերի ռեկտորները միահամուռ կերպով ընդդիմացել են, ուստի որոշվել է վերացնել ոչ թե տեղական բուհերի, այլ օտարերկրյա բուհերի համար նախատեսված տարկետումը, Աշոտ Բլեյանը այսպես պատասխանեց. «Շատ սխալ բան են արել ռեկտորները։ Այսինքն` նրանք պաշտպանո՞ւմ են խտրականությունը, անհավասարությունը։ Թող գնան իրենց քաղաքացիական պարտքը կատարեն, հետո ավելի հասուն վիճակում կվերադառնան-կսովորեն։ Թող չունենանք 18 տարեկան տղա ուսանող, այլ՝ 20 տարեկան»։ Կրթահամալիրի տնօրենը տեղեկացրեց, որ այս առնչությամբ զրուցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, և նախարարը համաձայնվել է իր կարծիքի հետ։ Նույն հարցը բարձրացրել է նաև Արմեն Աշոտյանի մոտ։ «Տարկետումը արտոնյալների, մեծահարուստների, պաշտոնյաների համար է։ Նրանց օրենքով խողովակ են տալիս բանակում չծառայելու համար։ Նրանք օրենքով սահմանված կարգով ընդունվում են բակալավրիատ, հետո մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա, հետո թեկնածուական թեզ են պաշտպանում և ազատվում են բանակից։ Դրա համար մենք այժմ չենք տեսնում մի պաշտոնյայի երեխայի, որը ծառայել է կամ ծառայում է»։